Մատչելիության հղումներ

Պուտինը, Էրդողանը և Ղարիբաշվիլին ներկա կլինեն Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը


Եվրոպական առաջին խաղերի լոգոն

Եվրոպական առաջին խաղերի լոգոն

Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական օլիմպիական առաջին խաղերն անցկացվելու են հունիսի 12-18-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Բաքվում կայանալիք Եվորպական օլիմպիական առաջին խաղերի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին մոսկովյան իրենց գրասենյակին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Ընթացիկ տարվա հուլիսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցելությունը Ադրբեջան: Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը», - փոխանցել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ադրբեջանում Եվրոպական խաղերն անցկացվելու են հունիսի 12-18-ը: Եվրոպական շուրջ հինգ տասնյակ երկրներից այս խաղերին մասնակցելու են ավելի քան 6 հազար մարզիկներ: Հայաստանը ևս հայտարարել է, որ մասնակցելու է այս խաղերին:

Վլադիմիր Պուտինից բացի, մյուս առաջնորդներից Բաքու կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Օրերս այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ էլ՝ Եվրոպական խաղերի բացմանը ներկա կլինի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Բաքվում անցկացվելիք խաղերին ընդառաջ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները, լրագրողական կազմակերպությունները բազմիցս կոչ են արել և շարունակում են դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ քաղաքական հայացքների համար բանտարկված բլոգերներին, լրագրողներին և ակտիվիստներին ազատ արձակելու կոչով: Կազմակերպությունները նաև նամակներ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումների վրա:

XS
SM
MD
LG