Մատչելիության հղումներ

Կրեմլի հայազգի քարոզիչն իրեն հարմարավետ է զգում Նյու Յորքում


News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրելյանով, արխիվ

News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրելյանով, արխիվ

Ռուսաստանի ամենախոշոր մեդիա հոլդինգի 26-ամյա ղեկավար Աշոտ Գաբրելյանովը հայտարարում է, թե ուզում է իրեն ազատ զգալ:

Վերջին շրջանում արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրում է հայտնվել Ռուսաստանի ամենախոշոր մեդիա հոլդինգի՝ News Media-ի ղեկավարը՝ 26-ամյա ծագումով հայ Աշոտ Գաբրելյանովը:

Ռուսաստանցի երիտասարդի Նյու Յորքում ապրելու հանգամանքը տարօրինակ չէր թվա, եթե Գաբրելյանովին պատկանող լրատվամիջոցը միևնույն ժամանակ ուղղակի տեղեկատվական պատերազմ չմղեր արևմտյան՝ մասնավորապես ամերիկյան լրատվամիջոցների դեմ:

Ի դեպ, Գաբրելյանովը հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի է արժանացել Ղրիմի փաստացի իշխանությունների կողմից, անցյալ տարվա ապրիլին՝ Ղրիմի բռնակցումից մեկ ամիս անց: Այդ կարճ ժամանակահատվածում նրա ղեկավարած մեդիա հոլդինգը մշտապես պնդել է, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին։

Ռուսաստանյան Life News հեռուստաընկերության եթերում և մի քանի այլ էլեկտրոնային ու տպագիր մամուլի էջերում Միացյալ Նահանգները սև լույսի ներքո ներկայացնող Գաբրելյանովը մի քանի ամիս է տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ, ասում է, իրեն հարմարավետ է զգում՝ ապրելու և աշխատելու համար:

Ռուսաստանը որպես դրախտ ներկայացնող լրատվամիջոցի ղեկավարը Նյու Յորքն է ընտրել իր խոշոր նախագծերից մեկը իրագործելու նպատակով։ «Բաբո»` այսպես է կոչվում Գաբրելյանովի նոր նախագիծը, որի անվանումը հայազգի երիտասարդն ընտրել է ի պատիվ իր տատիկի:

Արևմուտքի դեմ ռուսաստանյան տեղեկատվական պատերազմի այս հրամանատարը հիացած է իր բրուկլինյան կյանքով: BBC-ի հետ զրույցում նա անկեղծացել է՝ իրեն դուր է գալիս Միացյալ Նահանգներում ապրել: Բացի այդ, աշխատանքի համար մեծ հնարավորություններ կան, խոստովանել է նա:

«Ուզում եմ ինձ ազատ զգալ: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ հարմարավետ եմ զգում», - ասել է Նյու Յորքում տեղավորված Կրեմլի քարոզիչը:

Աշոտ Գաբրելյանովը Ռուսաստանում իր խոշոր բիզնեսը ղեկավարում է հոր՝ Արամ Գաբրելյանովի հետ: Նրանք իրենց լրատվամիջոցներում ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են ներկայացնում որպես «այն միակն ու անկրկնելին», այլև ջանք չեն խնայում Պուտինի ընդդիմախոսներին պախարակելու համար:

Մինչև այս տարվա փետրվարի 28-ը Life News-ի էկրաններից անպակաս էր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Լրատվամիջոցը լծված էր Նեմցովին սևացնելու գործին՝ գաղտնի նկարահանումներից մինչև հեռախոսազրույցների գաղտնալսում:

Թե ով էր լրատվամիջոցին տրամադրում այդ նյութերը` Գաբրելյանովը BBC-ին չի ասել, նաև չի պատասխանել հարցին՝ արդյոք փոշմանո՞ւմ է արածի համար: Փոխարենն ասել է, թե հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել հանրային դեմքերի գործունեության մասին:

Գաբրելյանովը չի էլ թաքցնում, որ Կրեմլի հետ կապեր ունի: Իսկ ի պատասխան հնչող մեղադրանքների, թե Life News-ը «ֆաշիստական» հիմնարկ է, ասում է․ - «Մեզ համար կարևորը արդյունքն է՝ լսարանի մեծությունը: Բացի այդ, Life News-ն ամենահաճախ վկայակոչվող լրատվամիջոցն է»:

Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմ կլինի՞, Աշոտ Գաբրելյանովը արձագանքել է․ - «Պատերազմ արդեն ընթանում է՝ սառը պատերազմ, տեղեկատվական պատերազմն է՛լ ավելի ուժեղ է»: Իսկ թե ով է այդ ամենի մեղավորը՝ նա հայտարարել է․ - «Երևի մի քիչ ճիշտ չէր լինի առանձնացնել ինչ-որ մեկին. Ամերիկան իր շահերն ունի, Ռուսաստանն էլ՝ իր»:

XS
SM
MD
LG