Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին անդամակցելու օրենքը


Այսօր Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղըզստանի անդամակցության օրենքը, որը նախօրեին ընդունել էր երկրի խորհրդարանը: Այսպիսով, խորհրդարանի կողմից հավանություն ստացած օրենքը մայիսի 21-ին պաշտոնապես ուժի մեջ մտավ:

«ԵՏՄ-ին անդամակցելը մեր ապրանքների համար գրեթե 200-միլիոնանոց շուկա է բացում: Մենք կդադարենք սպեկուլյատիվ տնտեսություն լինել և կսկսենք դինամիկ զարգանալ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրելու արարողության ժամանակ ասել է Ղրղըզստանի նախագահը:

«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը ամբողջովին համապատասխանում է Ղրղըզստանի ազգային շահերին»,- «Ինտերֆաքս»-ի՝ փոխանցմամբ հայտարարել է Ալմազբեկ Ատամբաևը:

Նա ասել է, որ խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար Ռուսաստանի աջակցությամբ ստեղծվել է ռուս-ղրղըզական հիմնադրամ, որի կապիտալը ապագայում կկազմի շուրջ 1 միլիարդ դոլար: Դրանից բացի, Ռուսաստանը և Ղազախստանը 300 միլիոն դոլար են հատկացրել Ղրղըզստանին արտաքին սահմանները, մաքսակետերը վերազինելու և վերակառուցելու նպատակով:

Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելը մեծ հեռանկարներ է բացում Ղրղըզստանի աշխատանքային միգրանտների համար, «որոնք հիմա կարող են հեշտ ապրել ու աշխատել»։

Փաստաթուղթը պետք է վավերացվի ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրների կողմից, որից հետո Ղրղըզստանի սահմանները կբացվեն միության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության համար: Ղրղըզստանը մտադիր է հորդորել գործընկերներին չձգձգել վավերացման գործընթացը, չհետաձգել մինչև աշուն: Մոսկվայի գլխավորած այս կառույցի անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Հայաստանը:

Կրեմլը արդեն ողջունել է Ղրղըզստանի անդամակցումը ԵՏՄ-ին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին ասել է. - «Անշուշտ մենք ողջունում ենք ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալը և ինտեգրման գործընթացների թափ հավաքելը»:

Նրա խոսքերով՝ ինտեգրման գործընթացները բարդ են, բայց ներկայիս տնտեսական պայմաններում «այլընտրանք չունեն և համապատասխանում են այդ գործընթացում ներգրավված բոլոր երկրների շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG