Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսել է 1 տոկոս տնտեսական աճ. վարչապետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 1 տոկոսով, ինչը ավելի քան 4 անգամ պակաս է 2015 թվականի պետբյուջեով նախատեսված տնտեսական աճից:

Աբրահամյանն այսպիսի հայտարարություն արեց գործադիրի այսօրվա նիստում՝ մեջբերելով կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, թեև անմիջապես հավելեց՝ իր անձնական կարծիքով՝ աճը ավելի մեծ կլինի:

«Մենք նախատեսել ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրով 1 տոկոս տնտեսական աճ, որը, ես համոզված եմ, ավելին է լինելու, մինիմում 2-3 տոկոս է լինելու։ Համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ ցուցանիշները ապահովենք»,- ասաց վարչապետը։

Կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված միջնաժամկետ ծախսերի վերջին՝ 2015-2017 թվականներին վերաբերող ծրագրի համաձայն, այս տարի նախատեսվում է ապահովել 5 տոկոս տնտեսական աճ: Թե ի՞նչ միջնաժամկետ ծրագրի մասին այսօր խոսեց վարչապետը, և ո՞ր փաստաթղթում է ամրագրված, որ տարին ամփոփվելու է ընդամենը 1 տոկոս աճով, փորձեցինք պարզել կառավարության մամուլի ծառայությունից: Խոստացան պարզաբանել ավելի ուշ:

Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որոնք կառավարության առանցքային վարկատուներից են, սպասում են, որ 2015 թվականը Հայաստանը կփակի տնտեսական անկումով․ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 1 տոկոս, իսկ ըստ ՎԶԵԲ-ի՝ 1.5 տոկոս։

Վարչապետն այսօր գրեթե պահանջեց վերջ տալ տնտեսական անկման մասին խոսակցություններին.- «Նման դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի։ Որոշ քաղաքական գործիչներ կամ քաղաքական ուժեր ցանկություն ունեն, որ կառավարությունը ձախողի, տնտեսական անկում արձանագրի, բայց ես համոզված եմ՝ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»։

2009 թվականի տնտեսական ճգնաժամից առաջ նախորդ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը հորդորում էր չխոսել ճգնաժամից՝ հույս հայտնելով, որ եթե չխոսեն, այն կշրջանցի Հայաստանը:

Կառավարության այսօրվա նիստում տնտեսական աճի մասին խոսակցությունը ծագեց, երբ քննարկվում էր Կենտրոնական բանկի այս տարվա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Փաստաթղթի համաձայն, Կենտրոնական բանկը համարում է, որ 2015 թվականը Ռուսաստանը կփակի 2 տոկոս տնտեսական անկումով:

Վարչապետին թվաց, թե անկումը վերաբերում է Հայաստանին։ Իսկ հետո, երբ պարզվեց, որ անկումը, այնուամենայնիվ, վերաբերում է Ռուսաստանին, վարչապետը տարակուսեց.- «Բայց դուք Ռուսաստանի հետ ի՞նչ գործ ունեք»։

Սակայն այս ողջ պատմության մեջ կա ուշագրավ ևս մեկ կողմ: Պետական բյուջեն օրենք է, որը ամեն տարի ընդունվում է Ազգային ժողովի կողմից ու, բնականաբար, պետք է կատարվի: Այդ օրենքով նախատեսված է 2015 թվականը փակել 4.1 տոկոս տնտեսական աճով: Մինչդեռ, վարչապետի այսօրվա հայտարարության համաձայն՝ կա կառավարության ինչ-որ միջնաժամկետ ծրագիր, որը նախատեսում է ընդամենը 1 տոկոս աճ:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ չնայած այս ամենին՝ իշխանությունները առ այսօր չեն վերանայել 2015 թվականի պետբյուջեն:

«Բյուջեի փոփոխություն չանելը և տնտեսական աճի կանխատեսումները չնվազեցնելը կառավարությունը իրականացնում է միայն PR նպատակներով, լավատեսական ուղերձներ է հղում հասարակությանը»,- ասաց Գևորգյանը՝ շարունակելով.- «Կառավարությունը երևի թե թվում է, որ շատ ասի շաքար, բերանը կքաղցրանա»։

XS
SM
MD
LG