Մատչելիության հղումներ

Գյուղացիների պնդմամբ, վարչապետի ձկնաբուծարանները իրենց «անջուր» են թողել


Գյուղացիների պնդմամբ, վարչապետի ձկնաբուծարանները իրենց «անջուր» են թողել
please wait

No media source currently available

0:00 0:05:54 0:00

Բնապահպանության նախարարի խոսքով, Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանները օրինական են:

Ապագա գյուղում անջուր ապագա են կանխատեսում։ 5-6 տարի առաջ խմելու ջրի խնդիր չունեին, դեռ խորհրդային տարիներին փորված մինչև 200 մետր խորությամբ արտեզյան ջրհորներից ջուրն անարգել իրենց տուն էր հասնում։ Այսօր, սակայն, անգամ թանկարժեք հոսանքով աշխատող պոմպերի ուժը հազիվ է հերիքում դատարկված հորերից ջուրը վեր հանելու համար։

Տեղացի Մուշեղ Հակոբյանը, թեև պաշտոնական բացատրություն չի լսել, բայց գիտի՝ ինչու են դրանք ցամաքել։

«Ժամանակին գալիս էր, հիմա չի գալիս։ Ի՞նչ եղան էս ջրերը։ Էդ Մասիսի, Արտաշատի, Արարատի ձկնաբուծարանները ծակեցին, ամեն հեկտարի վրա 20 հատ աղբյուր կա։ Կարամ տանեմ՝ ապացուցեմ։ 20 հատ՝ մի հեկտարի վրեն։ Ստեղի ջրերը քաշվեցին, գնացին», - ասաց Հակոբյանը։

«Մինչև 15 մետր խողովակ ենք անցկացրել, որ հասնի էդ ջրի մակարդակին։ Այսինքն՝ ստորգետնյա ջուրն էդքան նստել ա։ Դատարկվել ա տակը։ Այսինքն՝ ոնց որ շենք կառուցես ու տակը դատարկ լինի», - նշեց գյուղի մեկ այլ բնակիչ։

Գյուղացիները համոզված են. իրենց գյուղում ջրի պակասի պատճառը հարևան, ավելի ցածրադիր գյուղերի ձկնաբուծարաններն են: Չնայած արդեն մի քանի տարի խմելու ջրի լուրջ սակավություն են զգում, բայց խնդիրը կառավարություն հասցնելու փորձեր չեն անում։ Վստահ են՝ Երևանում վիճակն իրենցից լավ գիտեն։

«Կառավարությունն ա ծակել Մասիսի դաշտերը, կառավարությանը դիմենք՝ կառավարությունը իրա հորերը կփակի՞»։

«Կառավարությունը շատ էլ լավ գիտի՝ ով ա քանդել էդ հորերը, ով ա ձուկ պահում։ Ամբողջ Արարատի մարզը սաղ էդ 100-200 հեկտարներով ձկներ են պահում մարդիկ, ու ոնց ասած..․ Սաղ ղեկավարությունը։ Հասարակ մարդ չկա, լրիվ ղեկավարությունն ա պահում»։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն «Ազատության» հարցերին ի պատասխան հաստատեց, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արարատյան դաշտում ձկնաբուծարաններ ունեն, սակայն պնդեց՝ դրանք օրինական են։

«Այս տարի ձեր ներկայությամբ նաև կլուծարվեն որոշակի հորեր։ Դա կլինի պաշտոնատար անձի տարածք, դա կլինի սովորական քաղաքացու տարածք, մեր քայլերը օրենքին համահունչ են։ Մենք ապօրինի որևէ քայլ չենք կարող իրականացնել»։

Դիտարկմանը, թե ի նկատի ունի, որ վարչապետին պատկանող ձկնաբուծարանները բոլորը օրինական են, նախարարն արձագանքեց․ - «Այո, եթե անհրաժեշտություն լինի, դուք կարող եք համապատասխան փաստաթղթերը նայել, որ դրանք օրինական են»։

Պետական ռեգիստրում ձկնաբուծությամբ և իրացմամբ զբաղվող առնվազն 5 ընկերություն կա, որ ամբողջությամբ կամ մասնակի գրանցված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների անուններով։

Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղում գործող, ձկների արտահանմամբ զբաղվող «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ընկերության բաժնեմասերը 2010 թվականին անցել են Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն, Հովտաշատի գյուղապետին և Գագիկ Ծառուկյանին։ Այս նույն եռյակը սեփականության իրավունքով տնօրինում է նաև հարևան Զորակ գյուղում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Էկոֆիշ Թրեյդը», որ երկու ձկնաբուծարան ունի Զորակում և Մխչյանում։

Համասեփականատեր, Հովտաշատի գյուղապետ Հովիկ Թադևոսյանն «Ազատությանն» ասաց. - «Ես եմ եղել դրա միանձնյա սեփականատերը, ես իմ բաժնեմասերը վաճառել եմ իրենց: Ֆինանսական, ֆինանսի կարիք ունեի»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հովիկ Թադևոսյանն իր ընկերության բաժնեմասերի կեսից ավելին Աբրահամյանին ու նրա հետ խնամիական կապ ունեցող Ծառուկյանին վաճառելուց 2 տարի անց ընտրվել է գյուղապետ, նույն թվականին պարգևատրվել Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով։ Միջնակարգ կրթությամբ և ըստ մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրության՝ մսամթերքի արտադրությամբ ու ձկնաբուծությամբ հայտնի գյուղապետն «Ազատությանն» ասաց՝ Ծառուկյանի ու Աբրահամյանի հետ իր բիզնեսը շահավետ է՝ ձկնաբուծարաններն ամսական մոտ 10 տոննա ձուկ են արտահանում․ - «Շահավետ ա, շարժ կա»։

Ի տարբերություն հարևան գյուղի բնակիչների, նա ցամաքող արտեզյան ջրհորների հարցով առանձնապես մտահոգված չէր․ - «Մտահոգված չենք, մտահոգված չենք, որովհետև օգուտ ենք տալիս։ Էդ ձկնաբուծարաններն էնքան հարկ են տալիս պետությանը։ Հիմա դա օգուտ է՞, թե՞ վնաս»։

Մխչյան գյուղում է գրանցված նաև «Մեծն Արգամի» ընկերությունը, որ 2007 թվականին հիմնադրել է Հովիկ Աբրահամյանի զարմիկը: Մեկ տարի անց ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը։

Նույն Մխչյանում 2010 թվականին վարչապետի կնոջը պատկանող ընկերության տնօրենը՝ Ամբիկ Գևորգյանը հիմնադրել է ձկնաբուծությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մխչյան Ֆիշը»։ Մոտ մեկ տարի առաջ էլ վարչապետի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն է ծննդավայր Մխչյանում դստեր՝ Մերի Աբրահամյանի անունով հիմնադրել է «Մերի Ֆիշ» ձկնաբուծական ընկերությունը։

Ուշագրավ է, որ նույն այդ ամիսներին, երբ մեկը մյուսի հետևից ձկնաբուծարաններ էին հիմնվում, Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը հայտարարում էր, թե «Արարատյան դաշտավայրում ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման արդյունքում բնապահպանական բարդ իրավիճակ է ստեղծվել»։ Հենց այդ ժամանակ փոխելով նախկինում իր իսկ ընդունած որոշումը՝ Հովիկ Աբրահամյանի կաբինետը արգելեց Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի թույլտվություններ տրամադրել։ Ավելին, Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ անցած մեկ տարում առնվազն 300 արտեզյան ապօրինի ջրհոր են փակել, շատերին էլ նախազգուշացրել են։

«Օրինակ հենց նույն ձկնաբույծների մոտ մենք տենում ենք, որ օրինական կարգավիճակ պահված չէ, և օրենքով սահմանված մեկ հորը մյուսից պիտի 500 մետր հեռավորության վրա լինի։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօր այդ հորերը 50-100 մետր հեռավորության վրա են։ Ելնելով իրավիճակից, որ եթե մենք միանգամից փակենք, նրանք կունենային շատ ավելի մեծ տնտեսական կորուստներ, մենք տվել ենք նաև հնարավորություն, որ հետագայում անդրադառնանք նաև այն հորերին, որոնք այդ սահմանված կարգը չեն պահպանվել»։

Խախտումների մասին խոսելուց անմիջապես հետո նախարարը հավելում է, որ մեղքը իրենը չէ, և որ դրանք արվել են ո՛չ իր ղեկավարության օրոք, թեև բնապահպանության նախարար դառնալուց առաջ նա Արարատի մարզպետ էր, ավելի վաղ՝ գյուղատնտեսության նախարար․ - «Թե ինչ է եղել նախկինում՝ ես չեմ կարող ասել, որովհետև դա իմ օրոք չի եղել»։

Նշենք, որ նախկին նախարար Արամ Հարությունյանը, ում օրոք են ձկնաբույծներն ստացել ստորերկրյա ջրերն օգտագործելու թույլտվությունների հիմնական մասը, նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, որն այդ ջրային ռեսուրսները տնօրինող կարևորագույն օղակներից մեկն է։

Մինչ պաշտոնյաները ծրագրեր ու որոշումներ են ընդունում, Ապագայում թերահավատ են, որ ջրհորները փակելու և բնությունը փրկելու Բնապահպանության նախարարության նախաձեռնությունը իրականություն կդառնա:

«Կյանքում չհավատաս, սուտ են խոսում։ Թեկուզ նախարար՝ սուտ են խոսում, որովհետև իրենց մարդիկ են, ո՞նց կփակեն։ Չեն էլ թողա, որ փակի։ Նա կեթա փակի՞։ Դե թող էթա փակի», - վստահ է գյուղի բնակիչ Վաղինակ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG