Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը քննադատում է Մեքսիկայի խորհրդարանի 2011-ի բանաձևերը


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի վերին և ստորին պալատների կողմից ընդունված՝ հայ - ադրբեջանական հակամարտությանը վերաբերող և «միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին հակադրվող» բանաձևերին է անդրադարձել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր ընդունելով Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձևերի ընդունման առիթով:

Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սահակյանը նշել է, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման և կանխման գործում:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Նա կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ փաստելով, մասնավորապես, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան - Մեքսիկա բարեկամական խումբը:

Գաբրիելա Կուևաս Բառոնը ևս նշել է, որ ճիշտ ժամանակն է ընդլայնելու և սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, և այդ հարցում կարևորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը:

Նա ասել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա:

Գաբրիելա Կուևաս Բառոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ - մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG