Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը ռուսական ընկերությունից 3 տարի հոսանք է գնել ամենաբարձր սակագնով՝ 60 դրամով


ՀԷՑ-ը ռուսական ընկերությունից 3 տարի հոսանք է գնել ամենաբարձր սակագնով՝ 60 դրամով
please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00

3 տարիների ընթացքում ռուսական մի ընկերությունը մյուսին այս գործարքի դիմաց վճարել է մոտ 2 միլիարդ դրամ։

Էլեկտրաէներգիայի թանկացման հերթական հայտը ներկայացրած ռուսական ՀԷՑ-ը 3 տարի շարունակ էլեկտրաէներգիա է գնել կրկին ռուսական «Հայռուսկոգեներացիա» ընկերությունից 1 կվ/ժ-ը միջինը 60 դրամով, ինչը Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն է։ 3 տարիների ընթացքում ռուսական մի ընկերությունը մյուսին այս գործարքի դիմաց վճարել է մոտ 2 միլիարդ դրամ։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ընդգծում է՝ էլեկտրաէներգիայի պակաս ՀԵՑ-ը չունի, և կարիք չուներ ռուսական կոգեներացիոն կայանից թանկարժեք էլեկտրաէներգիա գնել։ Նրա հաշվարկներով միայն այս գործարքի արդյունքում ՀԷՑ-ն առնվազն 600 միլիոն դրամի վնաս է կրել։

«3 տարի առաջ մեզ վաճառվող գինը եղել ա 30 դրամ, ինքն առել ա 59, անցած տարի եղել ա 38, ինքն առել ա 60, էս տարի եղել ա 42 ինքն առել ա 61 դրամով, ու այս տարբերությունը, ըստ էության, կորուստ է ձևակերպվել ՀԷՑ-ի համար», - ասաց տնտեսագետը։

Ընդ որում, սա մոնոպոլիստ ՀԷՑ-ի կնքած պայմանագրի միակ վիճահարույց կետը չէ։ Վերահսկիչ պալատի 2014 թվականի զեկույցի համաձայն, առքուվաճառքը կատարվել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, «Հայռուսկոգեներացիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է փոքր ՀԷԿ-երին տրվող արտոնություններ, կնքել է ՀԷԿ-երին տրվող պայմանագիր, որով ՀԷՑ-ը պարտավորվել է 5 տարի շարունակ գնել նրա արտադրած էլեկտրաէներգիան ամբողջությամբ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, չի ընդունում, որ օրենք է խախտել։ Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի խոսքով, կոգեներացիոն կայանին փոքր ՀԷԿ-ի արտոնյալ պայմանագիր են տվել, քանի որ կոգեներացիոն կայանների մասին պայմանագրի օրինակ չեն ունեցել։ Բացի այդ, Արաբաջյանն ընդգծում է՝ ռուսական ընկերությանը կառավարությունն ավելի վաղ արդեն տվել էր արտոնություններ։

«Քանի որ այդ ընկերությունն ուներ երաշխիք պետության կողմից 5 տարի հոսանքի գնման համար, իր արտադրական ռեժիմը և իր իրավական հարաբերությունները ցանցի հետ մեկին մեկ համընկնում էր փոքր ՀԷԿ-ի ռեժիմի հետ, այդ իսկ պատճառով էտ պայմանագիրը, որ կնքվել էր, հանձնաժողովի կողմից գրանցվել ա» - ասաց Սամվել Արաբաջյանը։

Միայն 2014 թվականին այդ պայմանագրովՀԷՑ-ը «Հայռուսկոգեներացիա»-ից 689 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է գնել՝ 1կվտ/ժ-ը 60 դրամով, այն դեպքում երբ փոքր ՀԷԿ-րը 1կվտ/ժ-ը վաճառել են առավելագույնը 25 դրամով։

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովում ընդունում են, որ ռուսական ընկերության սակագինն իրենք համարել են հիմնավոր ու թույլատրել են ֆինանսական լուրջ խնդիրներ ու հսկայական կորուստներ ունեցող ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա վաճառել Հայաստանում արձանագրված ամենաբարձր գնով:

«61 դրամը դա Հրազդան ՋԷԿ-ի միադրույքի բերված սակագինն է, որը մեկին մեկ համապատասխանում է էն որոշման հետ, որի հիման վրա այս ընկերությունը ստեղծվել է և 5 տարի երաշխիքի մեջ ա եղել», - նշեց Սամվել Արաբաջյանը։

Վահագն Խաչատրյանը հակադարձում է, Հրազդանի ՋԷԿ-ը երբևէ ՀԷՑ-ին 61 դրամով հոսանք չի վաճառել։ Նրա խոսքով, այս կերպ երկու ռուսական ընկերությունները օրինական եղանակով տարիներ շարունակ թալանել են։ «Հայռուսկոգեներացիա»-ից մեր հարցերին հրաժարվեցին պատասխանել:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում աշխատակցուհին չցանկացավ անգամ ներկայանալ՝ նշելով, որ հայաստանյան լրատվամիջոցների հետ շփումն արգելված է ղեկավարության կողմից․ - «Պետք ա Մոսկվայից թույլ տան մեզ»:

Ռուսական ընկերությունը ՀԷՑ-ին բարձր գնով հոսանք վաճառող միակ կոգեներացիոն կայանը չէ։

Պարզվում է՝ Երևանի պետական բժշկական համալսարանը ևս էլեկտրաէներգիա է արտադրում, ընդ որում՝ այս դեպքում ևս Նազարյանի գլխավորած հանձնաժողովի կողմից տրվել է փոքր ՀԷԿ-ի համար սահմանված արտոնյալ պայմանագիր։

Ի տարբերություն «Հայռուսկոգեներացիա»-ի, նույն գեներատորներով աշխատող Բժշկական համալսարանը վերջին 3 տարվա ընթացքում ՀԷՑ-ին վաճառել է էլեկտրաէներգիա 1կվտ/ժ-ը միջինը 36 դրամով։

Մյուս կողմից, Վերահսկիչ պալատի զեկույցի համաձայն, 36 դրամով բաշխիչ ցանցերին Էլեկտրաէներգիա վաճառող համալսարանը իր իսկ կարիքների համար նույն ՀԷՑ-իցԷլեկտրաէներգիա է գնել 25 դրամով։

Միայն առքուվաճառքի գնային այս տարբերությունից 1 տարվա ընթացքում համալսարանի հասույթը կազմել է 7 միլիոն 875 հազար դրամ: Վերահսկիչ պալատն արձանագրել է՝ բուհ-ն այս կերպ խախտել է լիցենզիայի պայմանը, քանի որ պարտավոր էր էլեկտրաէներգիան արտադրել նախ սեփական կարիքները հոգալու համար, և հետո միայն ավելցուկը վաճառքի հանել։

Բժշկական համալսարանի Էներգոկենտրոնի ղեկավար Արթուր Աղաբեկյանը համաձայն չէ: Նրա խոսքով, ՀԷՑ-ից էլեկտրաէներգիա գնելն իրենց արգելված չէ: էժան գնել, թանկով էլ վաճառել են, քանի որ կայանի կառուցման համար հսկայական գումար են ներդրել, կառավարությունն էլ խոստացել է 5 տարի սուբսիդավորել։

«Պայմանագրի մեջ նշված ա եղել, որ մենք պետք է վաճառենք ամբողջ հոսանքը և գնենք, այսինքն՝ դա մեր ցանկությամբ չի եղել։ Շահույթ՝ կապված հոսանքի հետ, կարելի ա համարել, որ չկա։

Վահագն Խաչատրյանը տարակուսում է․ եթե կառավարությունը խոստացել է սուբսիդավորել, ինչո՞ւ է այդ բեռը դրվել ֆինանսական ճեղքվածքի մեջ հայտնված ՀԷՑ-ի վրա։ Այս գործարքում ևս կոռուպցիոն ռիսկերը չբացառելով՝տնտեսագետն ընդգծում է, որ օրենքի խախտումների ու կասկածելի գործարքների դիմաց ի վերջո ժողովուրդն է ստիպված վճարել։

Ի դեպ, Վերահսկիչ պալատի զեկույցից հետո այս ամսվա սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ երկու անգամ իջեցրել է «Հայռուսկոգեներացիա» ընկերության համար սահմանած էլեկտրաէներգիայի սակագինը: Ռուսական ընկերությունը Հայաստանի իշխանությունների այդ որոշումը բողոքարկել է դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG