Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան չեղյալ է հայտարարում Ռուսաստանի հետ կնքված ռազմական համաձայնագրերը


Գերագույն Ռադայի շենքը, արխիվ

Գերագույն Ռադայի շենքը, արխիվ

Ուկրաինան չեղյալ է հայտարարում ռազմական համագործակցության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված թվով հինգ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են դեռ 90-ականների սկզբին և կեսերին` Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի և Ուկրաինայի նախկին ղեկավարներ Կրավչուկի և Կուչմայի իշխանության օրոք:

Համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշումը Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն Ռադան կայացրեց այսօր կեսօրին` այն բանից հետո, երեկ երեկոյան նախարարների կաբինետը համապատասխան որոշումների նախագիծը շտապ կարգով ուղարկեց օրենսդիր մարմին:

«Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը 1993 թվականի մայիսի 26-ին ռազմա-տեխնիկական համագործակցության մասին պայմանագիր են կնքել: Այժմ Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ կայացած կառավարության նիստի ժամանակ` հատուկ ընդգծելով, որ պաշտոնական Կիևը այս քայլին է դիմում՝ ելնելով երկրի ազգային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Չեղյալ հայտարարված փաստաթղթերից առանցքայինը «Մոլդովայի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումների՝ Ուկրաինայի տարածքով տարանցման մասին» համաձայնագիրն է, որը կենսական նշանակություն ունի հատկապես Մերձդնեստրում տեղակայված ռուսական օպերատիվ զորախմբի բնականոն գործունեության համար:

Մերձդնեստրում նախկինում տեղակայված էր 14-րդ համազորային բանակը: Հետագայում այս զորախմբի մեծ մասը դուրս բերվեց, և ինքնահռչակ Մերձդնեստրի հանրապետության տարածքում մնացին միայն երկու մոտոհրաձգային գումարտակները, մեկ պահպանության գումարտակ և ուղղաթիռային ջոկատը:

Եթե ուկրաինական խորհրդարանի որոշումը հաստատվի երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից և օրենքի ուժ ստանա, ապա Մերձդնեստրում տեղակայված ռուսական այս ստորաբաժանումը կհայտնվի ցամաքային շրջափակման մեջ: Կիևում, սակայն, հատուկ ընդգծում են, որ արգելելով ռուսական ստորաբաժանումների մուտքը՝ իրենք չեն բացառում օտարերկրյա այլ զորամիավորումների հնարավոր մասնակցությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին:

«Կառավարությունն առաջարկում է, որ խորհրդարանը քննարկի և օտարերկրյա ստորաբաժանումների թույլ տա երկրի տարածքում ցամաքային գործողություններ իրականացնել, եթե դա միտված է անվտանգության և խաղաղության պահպանմանը և կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության կամ Եվրամիության որոշումների հիման վրա»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG