Մատչելիության հղումներ

Հայաստանը և Բելառուսը դեմ են Ռիգայում ընդունվելիք հռչակագրի տեքստին, փնտրվում է փոխզիջում․ Reuters, AFP


Լատվիա - Ռիգան պատրաստվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, 19-ը մայիսի, 2015թ․

Լատվիա - Ռիգան պատրաստվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, 19-ը մայիսի, 2015թ․

Պատճառը, ըստ լրատվամիջոցների անանուն աղբյուրների, փաստաթղթի նախագծում անդրադարձն է Ղրիմի բռնակցմանը:

Հայաստանը և Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայի գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագիրը, որի նախագծում անդրադարձ կա նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը: Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ Reuters և France-Presse (AFP) գործակալությունները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, որոնք չեն ցանկանում բացահայտել իրենց անունները:

«Հայաստանը և Բելառուսը հրաժարվում են ստորագրել որևէ փաստաթուղթ, որը անօրինական կգնահատի Ղրիմի բռնակցումը: Եվրամիության դիվանագետները ասել են, որ նրանց կներկայացվի փաստաթղթի փոխզիջումային տարբերակ», - ասել են Reuters-ի աղբյուրները:

2014 թվականի մարտին ՄԱԿ-ում, Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձևի քվեարկությանը Հայաստանը և Բելառուսը պաշտպանեցին Ռուսաստանին: Այս երկու երկրները հիմա արդեն Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ են:

France-Presse-ի փոխանցմամբ` դիվանագետները հույս ունեն հաղթահարել ընդունվելիք հռչակագրի տեքստի հետ կապված խնդիրները:

«Մենք գիտենք այդ մասին և կարծում ենք՝ դա իրենից վտանգ չի ներկայացնում գագաթնաժողովի համար», - ասել է Եվրամիության պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ Ղրիմի հարցը կդիտարկվի առանձին փաստաթղթով:

«Հայաստանի և Բելառուսի վարքը տրամաբանական է: Այս երկու երկրները ՄԱԿ-ում Ռուսաստանի հետ միասին դեմ են քվեարկել Ղրիմի բռնակցելը դատապարտող բանաձևին: Նրանք պահում են իրենց մոտեցումը, մենք՝ մեր մոտեցումը», - France-Presse-ին ասել է Եվրամիության պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:

Լատվիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իվարս Լասիսը, իր հերթին, France-Presse-ին ասել է. - «Սա բոլորի կողմից ընդունելի փաստաթուղթ պատրաստելու նորմալ գործընթաց է: Մենք համոզված ենք, որ բոլոր կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի, և բոլորը կստորագրեն փաստաթուղթը»:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ռիգայի գագաթնաժողովում Եվրամիությունը ձգտելու է ամրապնդել կապերը Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների հետ՝ միաժամանակ բաց պահելով Ռուսաստանի հետ հարաբերությունների պատուհանը:

Ռիգայի հանդիպումը Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովն է Ուկրաինայի ճգնաժամի խորանալուց հետո, որի պատճառով վատթարացել են Եվրամիություն - Ռուսաստան հարաբերությունները:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան:

Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին Պրահայում կայացած առաջին գագաթնաժողովին:

Ռուսաստանի կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագրի նպատակն է այդ տարածաշրջաններում թուլացնել իր ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG