Մատչելիության հղումներ

logo-print

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ


Լատվիա - Ռիգան պատրաստվում է հյուրընկալել Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, 19-ը մայիսի, 2015թ.

Լատվիա - Ռիգան պատրաստվում է հյուրընկալել Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, 19-ը մայիսի, 2015թ.

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ։

«Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ», - շեշտել է եվրոպացի պաշտոնյան։

Գագաթնաժողովը, թերևս, հիասթափեցնի ծրագրի առավել ակտիվ անդամներին. փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Եվրոպական միությունն առայժմ պատրաստ չէ այն քայլերին, որոնք ակնկալում են Բրյուսելից։ Խոսքն առաջին հերթին Վրաստանի և Ուկրաինայի մասին է. Կիևն ու Թբիլիսին ակնկալում են հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացում, սակայն եվրոպացի առաջնորդներն այս գագաթնաժողովին նման փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական են համարում։

Իսկ Մոլդովան, որը Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ի տարբերություն այդ երկու երկրների՝ առանց վիզայի դեպի Շենգենյան գոտի կարճաժամկետ այցեր կատարելու իրավունք է ստացել։ Քիշնևն այս գագաթնաժողովից առաջ զուսպ է իր ցանկություններում։

Նշենք, որ այսօր մեկնարկելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաք են մեկնել երեք նախագահներ՝ Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի։ Ադրբեջանն ու Բելառուսը ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով, Վրաստանը՝ վարչապետի։

Ադրբեջանի նախագահը, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, բոյկոտել է գագաթնաժողովը։ Լրատվամիջոցը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդել է, թե Իլհամ Ալիևի՝ Ռիգայի գագաթնաժողովին չմասնակցելը Բաքվի արձագանքն է վերջին շրջանում Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ գործադրվող մեծ ճնշմանը։

Ռիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի և Եվրամիության միջև որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Մինսկի համար ևս Եվրամիությունն անակնկալներ չունի։

Բելառուսն ակնկալում է Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացում, որը, սակայն, միևնույն ժամանակ, որևէ ձևով չի անդրադառնա արդեն իսկ ձևավորված հարաբերություններին, նշում են բելառուսցի վերլուծաբանները: Այդ դեպքում, ըստ նրանց, հնարավոր կլինի գոնե մասնակիորեն չեղյալ հայտարարել Եվրամիության կողմից Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք տարածված են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավոր շրջապատի վրա։

Ռիգայի գագաթնաժողովից Հայաստանի հետ կապված սպասելիքները դեռ անորոշ են, գրում է գերմանական Deutsche Welle-ն: «Հայտնի չէ՝ ինչ բնույթի փաստաթուղթ կստորագրվի Երևանի և Բրյուսելի միջև։ Ընդհանուր միտքը, որը նախագահ Սերժ Սարգսյանը ձգտելու է հասցնել Ռիգա, այն է, որ չնայած Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության հետ սերտ համագործակցությանը` Հայաստանը չի պատրաստվում երես թեքել Եվրոպայից», - նշում է Deutsche Welle-ն:

XS
SM
MD
LG