Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն կարևորում է քաղաքական ու տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կմեկնարկի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացված է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով։

Հայաստանը, ըստ էության, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրած միակ երկիրն է լինելու Ռիգայում, որը ներկայացված է պետության առաջին դեմքի մակարդակով, մյուս երկու երկրները՝ Ադրբեջանը և Բելառուսը ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով։

Մինչ Ռիգա մեկնելը, Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստին։ Դրա ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը հայտարարեց՝ ակնկալում են, որ Ռիգայում նոր փաստաթուղթ կլինի, և հետագայում Եվրամիության հետ համագործակցության հնարավորություն կստեղծվի։

Իշխող կուսակցությունում կարևորում են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերում Եվրամիության հետ համագործակցությունը, բայց ինչպես Նաղդալյանն ասաց, թե երբ կստացվի դա՝ պարզ չէ։

«Ամենակարևորը այն է, որ Հայաստանը շարունակում է իր հավասարակշիռ քաղաքականությունը՝ ուղղված նրան, որ մենք կարողանանք մեր երկրի շահերից բխող հարաբերությունները պահպանել նաև Եվրամիության հետ, և այս աշխատանքային գործընթացները հիմա բավականին արդյունքներ են տալիս։ Վաղը, մյուս օրը կտեսնենք նաև, թե ինչ բնույթ կունենան փաստաթղթերը», - ասաց Նաղդալյանը՝ շարունակելով․ - «Բնականաբար, մենք աշխատում ենք, որ կարողանանք մեր նախնական՝ արդեն գոյություն ունեցող, ստանձնած պարտավորություններին համահունչ հանդես գանք, որովհետև, բնական է, որ որպես սոլիդ արտաքին քաղաքականություն իրականացնող երկիր՝ մենք չենք կարող անել քայլեր, որոնք կհակասեն մեր պարտավորություններին, բայց դրան զուգահեռ՝ նաև խնդիրներ, որոնք, չհակասելով մեր արդեն նախապես ստանձնած պարտավորություններին, կարող են զուգընթաց լինել մեր շահերին և մեր հետաքրքրություններին»։

Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ տեսնում են Եվրամիության հետ և՛ համագործակցության եզրերը, և՛ նախընտրելիությունները։

«Մենք տեսնում ենք նաև այն խնդիրները, որոնք մենք դրել ենք, և դեռևս շարունակական են այդ խնդիրները։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց տվեց, որ իսկապես դա հնարավոր է։ Այսօր դեռ շուտ է ասել, դեռ ժամանակը ցույց կտա, բայց այսպես թե այնպես՝ այս աշխատանքային գործընթացն իրականացվում է, և մեր գերատեսչությունները աշխատում են նրա վրա, որպեսզի սա կայանա», - հայտարարեց Նաղդալյանը։

XS
SM
MD
LG