Մատչելիության հղումներ

Կայանատեղիների հարցը մայրաքաղաքում տարեցտարի սրվում է


Տարեկան Հայաստան է ներմուծվում շուրջ 35 հազար մեքենա, որոնց մեծ մասը շահագործվում է մայրաքաղաքում, իսկ կայանատեղիները չեն ավելանում:

Երևանի կենտրոնական որոշ փողոցներում, չնայած կայանելը արգելող նշաններին, մեքենաները շարված են երկրորդ ու նույնիսկ երրորդ գծով։

Կենտրոնում՝ Մոսկովյան, Աբովյան, Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում, իրավիճակն էլ ավելի է սրվում բուհերի ու ժամանցային տարածքների հարևանությամբ։

Ոստիկանության կենտրոնական շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության գտնվող Իսահակյան - Ալեք Մանուկյան հատվածում հաճախ երկու շարքով ժամերով այսպես կայանող մեքենաների մասին ճանապարհային ոստիկանությունում տեղյակ են:

«Համալսարանի երևի ուսանողներն են հիմնականում, ու հիմնականում մեր ուշադրության կենտրոնում են: Եթե դուք երկար ժամանակ հետևեք, կտեսնեք, որ մեր տարհանող մեքենան օրվա մեջ քանի անգամ անցավ ու մեքենաներ տարավ», - ասաց Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նրանից պարզեցինք, որ անօրինական կայանած մեքենաները հեռացնելու համար ոստիկանությունը ընդամենը մեկ քարշակ ունի, որը շրջում է ողջ քաղաքում։

Այդ քարշակը տեսնել չհաջողվեց: Փոխարենը տեսանք ու նկարահանեցինք անօրինական կայանած մեքենաների կողքով լուռ անցնող ճանապարհային ոստիկաններին։

Այս առնչությամբ Սարգսյանն ասաց․ - «Հնարավոր է, որ պատահաբար լինի մի ժամանակահատված, որ այդ հատվածում ճանապարհային ոստիկանության հսկողությունից դուրս մնացած լինի»:

Տարեկան Հայաստան է ներմուծվում շուրջ 35 հազար մեքենա, որոնց մեծ մասը շահագործվում է մայրաքաղաքում, իսկ կայանատեղիները չեն ավելանում:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերջերս հասարակական կարգի գերազանց պահպանման համար պարգևատրված Նորիկ Սարգսյանը հստակ չպատասխանեց հարցին, թե ճանապարհային ոստիկանությունը ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը․ - «Մեզ էլ է մտահոգում: Մենք էլ ենք ուզում, որ ճանապարհների թողունակությունը բարձր լինի»:

Նա միայն նշեց, որ 2-րդ գծում կայանող տաքսու վարոդների համար փորձում են կայանատեղիներ առանձնացնել։ Բայց այս հարցում էլ հարյուրավոր վարորդները արդյունքներ չեն տեսնում: Տաքսիստները «Ազատության» հետ զրույցներում խոստովանում են, որ կարգը հաճախ ստիպված են խախտում։

Արդյունքում քաղաքն անհարմար է դառնում ոչ միայն այստեղ աշխատող տաքսու վարորդների, այլև բնակիչների համար, որոնց մի մասի կարծիքով, փողոցների երկայնքը կարմիր գծով առանձնացնելու ու կայանման համար գումարներ գանձելուց բացի, անհրաժեշտ է առաջին հերթին կայանման նոր, ստորգետնյա ու վերգետնյա տարածքներ ավելացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG