Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ ԽՎ-ն անդրադարձել է դաշինքին Վրաստանի անդամակցության հեռանկարներին


Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլի, արխիվ

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլի, արխիվ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը (ՆԱՏՕ ԽՎ) դաշինքի անդամ պետություններին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Վրաստանի անդամակցության հարցը լուծելու նպատակով:

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանականներին միավորող այս կառույցը շաբաթասկզբին Բուդապեշտում կայացած 60-րդ նստաշրջանի ընթացքում հատուկ հայտարարություն է ընդունել` անդրադառնալով Վրաստանի անդամակցության հեռանկարներին: Այս մասին երեկ Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը բավական կարևոր մի կետ է պարունակում․ դրանով Վեհաժողովի պատվիրակները կոչ են անում անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին՝ աջակցել Վրաստան - ՆԱՏՕ համագործակցության փաթեթի հաստատմանը, ինչպես նաև Վրաստանին առաջարկել Անդամակցության գործողությունների պլանը` այսպես կոչված MAP-ը», - նշում էր Սեսիաշվիլին:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների ծրագիրն այն վերջին փուլն է, որին հաջորդում է այս կամ այն երկրի լիիրավ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Դեռ տարիներ առաջ` 2008-ի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանին գործողությունների ծրագիր առաջարկելու հարցը դաշինքի ներսում լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ: 2008-ին Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը կոչ էին անում ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների ծրագիր առաջարկել Վրաստանին: Դաշինքի մի շարք այլ անդամներ, սակայն, նախ և առաջ՝ Գերմանիան ու Ֆրանսիան, արեցին ամեն ինչ իրադարձությունների զարգացման նման սցենարը կանխելու համար:

Վերջին տարիներին Բրյուսելը մի շարք քայլեր է ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները է՛լ ավելի սերտացնելու նպատակով: 2008-ին` օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո, ստեղծվեց Վրաստան - ՆԱՏՕ խորհուրդը: 2014-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովից հետո որոշում կայացվեց համագործակցության հատուկ փաթեթ մշակել, որի առանցքային կետը Վրաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաուսումնական կենտրոնի ստեղծումն է: Բացի այդ, Վրաստանը ակտիվորեն մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին` վերջին հինգ տարիներին 29 զոհ և ավելի քան 170 վիրավոր տալով:

Չնայած այս բոլոր քայլերին, սակայն, մինչ օրս Բրյուսելում չեն հստակեցրել՝ երբ են պատրաստվում Վրաստանին ընդունել ՆԱՏՕ-ի շարքերը:

XS
SM
MD
LG