Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազը նպատակահարմար չի համարում խոսել «Մարտի 1»-ի գործի քննության մասին


Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը նպատակահարմար չեն համարում հայտնել, թե «Մարտի 1-ի» քրեական գործով ինչ նոր քննչական գործողություններ են ձեռնարկվել, դրանց արդյունքում ինչ հետևություններ են արվել, Ազգային ժողովում 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս այսօր հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Հենց նրա հանձնարարականով ՀՔԾ-ում 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների գործերը սկսեցին առանձին վարույթներով քննել:

Հարցը բարձրացրեց անցած տարվա նոյեմբերին զոհերի հարազատների հետ գլխավոր դատախազին հանդիպած Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը.- «Դուք մեր հանդիպման ժամանակ խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, մարդկանց մոտ հույս առաջացավ։ Մեր հանդիպումից անցել է վեց ամիս։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ վիճակում է գործը»։

«Սայլի շարժումը կարող է Ձեզ համար տեսանելի չլինել, կարող է տեսանելի չլինել հասարակությանը այն իմաստով, որ այսօր քննության շահերից ելնելով՝ մենք կարիք չենք տեսնում այդ մասին խոսելու։ Շատ ժամանակ քրեական գործով ավել-պակաս տրված տեղեկատվությունը քրեական գործերի շահերից չի բխում»,- ասաց գլխավոր դատախազը։

Մանուկյանի հաջորդ հարցը նախագահական նստավայրի մոտ զոհվածների ծնողների նկատմամբ անցած շաբաթ կիրառված ոստիկանական բռնությանն էր վերաբերում։ Պատգամավորը փորձեց պարզել «այդ վայրագ վերաբերմունքին» Կոստանյանի գնահատականը։ Գլխավոր դատախազն ասաց՝ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել ոստիկանական գործողություններին գնահատական տալու համար։

«Մեր հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե ոստիկանը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է։ Տենց չի։ Ոստիկանությունը, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում, այն եզակի մարմիններից մեկն է, որը օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու։ Այլ հարց է, որ մենք պետք է կիրառենք՝ արդյոք այդ ուժը կիրառվել է համաչափ»։

Գևորգ Կոստանյանն իր նախաձեռնությամբ անդրադարձավ Գյումրիում հունվարին կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին։ Գյումրեցիները հենց նրանից են պահանջում քայլեր ձեռնարկել՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու համար։ Մինչև այս պահը գերակայող են ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե Հայաստանի տարածքում, բայց ռուսական դատարանում կանցկացվի գործի դատավարությունը։

«Գործի քննության վերաբերյալ այս պահին կարող եմ ասել միայն, որ ստեղծվել է իրապես աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Ռուսաստանի Դաշնության իրավապահների պրակտիկայում։ Մենք մեր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին։ Վստահեցնում եմ, որ այս հարցում նույնն ոչ միայն բոլորիս զգացմունքները, այլև մոտեցումները և ակնկալիքները»,- ասաց նա։

Գլխավոր դատախազը պատգամավորներին հաղորդում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Նրա նախորդը՝ Աղվան Հովսեփյանը, ի տարբերություն ԱԺ-ի կողմից ընտրվող մյուս պաշտոնյաների՝ Վերահսկիչ պալատի, Կենտրոնական բանկի ղեկավարների, խորհրդարանում հաշվետվություն չէր ներկայացնում։ Օրենքը չէր պարտադրում, նա էլ չէր ձգտում։

Կոստանյանն այսօր նաև անհրաժեշտ համարեց ականջահաճո մի քանի հայտարարություններ անել, թե «անզիջում է կաշառակերության և ցանկացած տիպի կոռուպցիոն վարքագծի նկատմամբ», որ իր համար «անհամատեղելի է քաղաքականությունն ու դատախազի պաշտոնը»։

Նաև ասաց.- «Դատախազության սահմանադրական գործառույթների սահմաններում վստահորեն կարող եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող պատժվել իր չկատարած արարքի համար»։

Հսկողական լիազորություններ ունեցող Գլխավոր դատախազության նախորդ տարվա հաղորդման մեջ տեղ են գտել նաև քննադատություններ քննություն իրականացնող օղակների՝ Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեի ու Վահրամ Շահինյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայության և օպերատիվ-հետախուզական աշխատանքով զբաղվող Ոստիկանության հասցեին։ Ուստի դատախազությունը օրենսդրական լրացումներ է նախապատրաստել, որոնց համաձայն առաջարկվում է դատախազությանը վերապահել իրավապահ մարմինների գործունեության համակարգումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG