Մատչելիության հղումներ

Արմավիրում վերջին օրերին հոսպիտալացվել է շուրջ երկու տասնյակ երեխա


Արմավիրում վերջին օրերին հոսպիտալացվել է շուրջ երկու տասնյակ երեխա
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը դեռ հիվանդ երեխաներ է ընդունում քաղաքի տարբեր մանկապարտեզներից՝ սրտխառնոցի, փորացավի և բարձր ջերմության գանգատներով: Վերջին երեխային ընդունել են երեկ:

Ընդ որում, եթե Առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե վերջին 5 օրերին հոսպիտալացվել են երեխաներ միայն Արմավիրի թիվ 6 և 9 մանկապարտեզներից, այսօր հենց հիվանդանոցում հանդիպեցինք նաև թիվ 7 մանկապարտեզ հաճախող երեխայի:

Վերջին 10 օրերին սա երեխաների հիվանդացության արդեն երկրորդ դեպքն է նույն մարզում: Ավելի վաղ նույն գանգատներով հոսպիտալացվել էին Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի մեկ տասնյակից ավելի երեխաներ:

Առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում ուսումնասիրում են վիճակը: Արմավիրի մանկապարտեզների մասով, սակայն, դեռ չեն շտապում վարկած առաջ քաշել՝ սպասելով լաբորատոր ուսումնասիրությունների պատասխաններին:

Ալաշկերտի մանկապարտեզի դեպքում, սակայն, արդեն հստակ կարող են ասել՝ երեխաների ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառը սնունդն է ու աղտոտված տարածքը:

«Խոհանոցի պարագաներից, խմբասենյակների մի շարք պարագաներից անջատվել են նաև այնպիսի հարուցիչներ, որոնք վկայում են երկրորդային աղտոտվածության մասին: Նաև խախտվել էին նորմատիվ պայմանները թե՛ մանկապարտեզում, թե՛ սննդի մատուցման, մնացած գործընթացներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Արմավիրի բուժկենտրոնում զգուշավոր են խոսում երեխաների հիվանդացման պատճառների մասին: Ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում նույնիսկ չբացառեց, որ մոտ երկու տասնյակ երեխաները հոսպիտալացվել են՝ տանը սխալ սնվելու հետևանքով․ - «Մանկապարտեզից դուրս երեխաները նաև սնվում են տանը: Կոնկրետ մի սննդամթերք չկա, որ ասեն սա է պատճառը»:

«Ազատության» հետ զրույցում այս պահին դեռ բուժումը շարունակող 11 երեխաների ծնողները վրդովված ասում էին, որ մեղքը ծնողների վրա գցելով՝ և՛ նախարարությունը, և՛ բժիշկները փորձում են թաքցնել աղիքային ինֆեկցիայի բռնկման իրական պատճառները:

«Մեզ կոպիտ ասած ապուշի տեղ են դնում: Մեզ համոզում են, որ մենք ելակ ենք տվել կամ վարունգ: Չենք տվել ես իմ երեխային», - ասաց նրանցից մեկը:

Ծնողները կասկածներ ունեն, որ երեխաները թունավորվել են կաթնամթերքից: «Ում հարցնում ենք, ում բերել են այստեղ ուրիշ մանկապարտեզներից, ասում են, որ կաթն է: Մեր երեխաների մեծ մասը այդ օրը առավոտյան կաթ են խմել: Որովհետև ժամկետներ են կեղծում, ու ոչ մեկս էլ չենք գնացել հատուկ նայել՝ ճի՞շտ է, թե՞ չէ», - ասաց նրանցից մեկը:

Արմավիր քաղաքի 12 մանկապարտեզների սնունդն ապահովում է «Անահիտ» սուպերմարկետը, որի տնօրեն Արմինե Հակոբյանը վստահեցնում է, թե սնուննդը ժամկետանց չի եղել:

Այսօր Արմավիրի մարզպետարանում այս խնդրով խորհրդակցություն է հրավիրված:

Սա մարզային մանկապարտեզներում աղիքային ինֆեկցիայի բացահայտման առաջին դեպքը չէ: Գուցե վերահսկողությո՞ւնն է թույլ, մանկապարտեզները չե՞ն ենթարկվում պատշաճ ստուգման: Առողջապահության նախարարության աշխատակիցը դժվարանում է պատասախանել այս հարցին, սակայն վստահ է, որ խորհրդային տարիներին կառուցված և չնորոգված մանակապարտեզներում այսպիսի դեպքերից խուսափել չի ստացվում:

Նշենք, որ ոչ պասակ քայքայված վիճակում էր ինֆեկցիոն բաժանմունքը, որտեղ բուժվում էին երեխաները․ պատերը, հատակն ու սանհանգույցը կիսափուլ վիճակում էին, հիվանդասենյակներով, ծնողների խոսքով, կարիճներ և խավարասերներ են շրջում:

XS
SM
MD
LG