Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին փաստեր չկան․ Զախարյան


Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին փաստեր չկան: Ուղիղ մեկ շաբաթ առաջ հենց նա էր պնդել, որ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու՝ ՀԷՑ-ի հայտը հիմնավոր է, պատճառների շարքում էլ նշել էր վատ կառավարումն ու գողությունը։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե արդյոք կառավարությունը գողության փաստով չի ցանկանում դիմել գլխավոր դատախազություն, Զախարյանը պատասխանեց՝ ապացույցներ չկան, կան միայն հնարավոր գողության ռիսկեր։

«Ես պատրաստ եմ անձամբ Ձեզ աջակցել այդ հարցում, տրամադրել նյութեր, անուններ, տեղեկատվություն: Ես ակնկալում եմ, որ ոլորտը համակարգող գերատեսչությունը ավելի ակտիվ գործունեություն կիրականացնի այս պարագայում», - հայտարարեց Ուրիխանյանը:

«Այսօր նախարարությունը որևէ տեղեկատվության, որևէ փաստի չի տիրապետում՝ համապատասխան նյութեր հանձնելու պատկան մարմիններին: Եթե դուք օգնեք այդ հարցում՝ ներկայացնեք այդ տեղեկատվությունը, որը Դուք եք ասում և այն մարդկանց անունները, որոնք Դուք եք ասում, մենք պատրաստ ենք ընթացք տալու», - արձագանքեց նախարարը:

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին հարցին պատասխանելուց հետո, Զախարյանը կրկին ստիպված եղավամբիոնին մոտենալ: Այս անգամ էլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գազի գնից խոսեց, հարցրեց, թե արդյոք կառավարությունը բանակցում է՝ Իրանից ավելի էժան գազ գնելու և ռուսական «Գազպրոմ»-ից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը ի պատասխան տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն բանակցություններ չեն վարում, այլև դրանք ավելորդ են համարում: Զախարյանի խոսքով՝ Հայաստանը արդեն գազամատակարարման երկարաժամկետ պայմանագիր ունի։

«Հայտարարությունները, որոնք լինում են այստեղ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ավելի էժան գազ մատակարարելու հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությանը, չեն համապատասխանում իրականությանը: Նախ՝ այսօր Հայաստանը ստանում է տարածաշրջանում ամենաէժան գներով գազը սահմանի վրա: Իրանի գազը այդ գներով, ինչ գներով մենք ստանում ենք, ուղղակի բացառվում է», - ընդգծեց Երվանդ Զախարյանը:

Հաջորդ հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հարցը նրա խնամի Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ եղան Ծառուկյանի չվճարած միլիարդավոր դրամ հարկերի մասին օդում կախված պնդումները։ Հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստուգել և հրապարակել տեղեկատվությունը: Ընթերցեց նաև Հովիկ Աբրահամյանի պատասխանը, որ ստուգումները անմիջապես կսկսվեն։

«Օգտագործելու եմ նաև իմ վարչական լծակները՝ վարչապետի լիազորությունները, և այն մարդիկ, ովքեր առաջին՝ մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք», - վարչապետին մեջբերեց Փաշինյանը՝ հավելելով․ - Պարոն Աբրահամյան, ես ուսումնասիրել եմ Հայաստանի օրենսդրությունը, վարչապետի լիազորությունների մեջ ինչ-որ բամփել չգտա: Եթե կարելի է՝ հանրությանը բացատրեք նաև, թե կոնկրետ ինչ ի նկատի ունեք՝ «բամփել» ասելով, նաև տեղեկացրեք՝ ի վերջո բամփեցի՞ք, չբամփեցի՞ք, էդ պատմությունը ի՞նչ եղավ»:

Վարչապետ Աբրահամյանը պատասխանեց, որ հարցը դեռ օրակարգում է և այդ քայլերը պետք չէ դիտարկել որպես ինչ-որ մեկին ահաբեկելու փորձ: Խոստացավ, որ շուտով արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը։

«Ֆինանսների նախարարը ինձ խոստացել է մինչև մայիսի վերջ հունիսի 5-ը վերջանական տեղեկանք ներկայացնի այդ ստուգումների արդյունքների մասին: Իսկ ինչ վերաբերում է մեր երկխոսությանը Հանրապետության նախագահի հետ, դա դուք գիտեք, որ եղել է կուսակցական հանդիպում, կուսակցական քննարկում և նման մտքերի փոխանակում եղել, և դա վերաբերել է ընդհանուր կոնտեքստով բոլոր այն մարդկանց, այն գործարարներին, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկերը չեն վճարում», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

XS
SM
MD
LG