Մատչելիության հղումներ

logo-print

Լավրովը հնարավոր է համարում ԱՄՆ-ի միանալը «նորմանդյան խմբին»


Ռուս-ամերիկյան շփումների այս փուլը, որի սկիզբը դրվեց Սոչիում մայիսի 12-ին Քերրի - Լավրով և Քերրի - Պուտին հանդիպումներով, որոշ լավատեսություն է ներշնչում երկկողմ հարաբերությունների բարելավման հարցում:

Դա, սակայն, չի նշանակում, թե Ռուսաստանում կդադարեն Միացյալ Նահանգների հասցեին կոշտ հայտարարություններ անել: Նման հայտարարությամբ այսօր Դաշնության խորհրդում հանդես եկավ արտգործնախարար Սերգել Լավրովը:

Լավրովն ասել է, թե Վաշինգտոնը ձգտում է միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ ճանապարհին պարբերաբար խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները:

«Անհամաձայնների» համար, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ը ունի միջոցների լայն հավաքածու՝ միակողմանի ապօրինի պատժամիջոցներից մինչև ռազմական ներխուժում:

Ուկրաինայի մասին խոսելիս Լավրովը, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգտագործի ուկրաինական իշխանությունների վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի նրանք կատարեն Մինսկ 2 համաձայնագրի դրույթները և չմիջնորդավորված բանակցություններ սկսեն Լուգանսկի և Դոնեցկի հետ: Լավրովն ընդգծել է, թե սա ներուկրաինական խնդիր է:

Նշենք, որ վերջին օրերին տարբեր ամբիոններից շատ է խոսվում, թե Միացյալ Նահանգները պետք է միանան ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող խմբին: Այսօր այդպիսի հայտարարություն է արել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Անդրադառնալով այս խնդրին՝ Լավրովն ասել է, թե դա հնարավոր է․ Միացյալ Նահանգները կարող է միանալ «նորմանդյան խմբին», որի կազմում են, հիշեցնենք, Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ֆրանսիան: Լավրովը, սակայն, նշել է, որ այդ հարցով ԱՄՆ-ը պետք է դիմի այդ ձևաչափը նախաձեռնող Ֆրանսիային:

Իր ելույթում Լավրովն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրներին՝ ասելով, թե դրանք ինքնուրույն և բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելու իրավունք ունեն: Սակայն հավելել է․ - «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում այդ երկրների կապերին Եվրոպայում, Ամերիկայում և այլուր, և միակ բանը, որ պահանջում ենք, դա այն է, որ այդ գործընթացների թափանցիկ լինեն, թաքնված սխեմաներ ու նպատակներ չունենան, հաշվի առնեն Ռուսաստանի՝ թափանցիկ ներկայացվող ազգային շահերը»:

Լավրովը լուրջ չի համարում հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայման մասին պաշտոնական Կիևի հայտարարությունը: Նման հայտարարությամբ, հիշեցնենք, հանդես էր եկել Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը՝ նշելով, թե դա անհրաժեշտ է Ռուսաստանից պաշտպանվելու համար:

Մեկնաբանելով Տուրչինովի հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանը դա անպատասխան չի թողնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG