Մատչելիության հղումներ

logo-print

«Մամուլի ազատությանը լավ ժամանակներ չեն սպասվում»


Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվեց Արևելյան գործընկերության առաջին մեդիա խորհրդաժողովը։

Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվեց Արևելյան գործընկերության առաջին մեդիա խորհրդաժողովը, «Արևելյան գործընկերության երկրներում մամուլի դերը» խորհրդաժողովի հիմնական օրակարգն էր։

Խորհրդաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրներից ժամանած ավելի քան 200 լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ։ Մեծ պատվիրակություն էր նաև ժամանել Հայաստանից՝ շուրջ 30 հոգի։ Ներկայացված էր հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը՝ «Ա1+»-ից մինչև «Արմենիա» հեռուստաընկերություն։

Խորհրդաժողովի բացմանը ելույթ ունեցան Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե-Ֆրայբերգան, Լատվիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ անձինք։

«Մամուլի ազատությանը լավ ժամանակներ չեն սպասվում, հեռանկարը խոստումնալից չէ ամենևին», - ահա այսպիսի հայտարարություններով հանդես եկան Նիլս Մուժնիեկսն ու Դունյա Միյատովիչը։

Միյատովիչը հատկապես հոռետես էր Արևելյան գործընկերության երկրների հարցում։ «Այստեղ մեծ մասշտաբներով են խախտում մամուլի ազատությունները։ Ամենագլխավոր մտահոգությունը սակայն, այս անգամ, մամուլը քարոզչամիջոցի վերածելն է», - հայտարարեց ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը։

Բոլոր խոսնակներն անխտիր խոսում էին հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող մամուլի արմատական կերպարանափոխության մասին. Ռուսաստանում մամուլն այժմ գերազանցապես ծառայում է պետական քարոզչությանը։ Ուկրաինայում, օրինակ, արևելյան մասում անջատվել են ուկրաինական բոլոր ալիքները, փոխարենը հեռարձակվում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հեռուստաալիքները։

Նիլս Մուժնիեկսը, քննադատելով Արևելյան գործընկերության երկրներում մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, հատուկ նշեց այն փաստը, որ Հայաստանում փակված է «Ա1+»-ը։

Քննադատության խոսքեր հնչեցին նաև Վրաստանի իշխանության հասցեին, ազգային փոքրամասնությունների հարցում նրանց վարած քաղաքականության շուրջ։

Մուժնիեկսը հատկապես առանձնացրեց Վրաստանի հայկական փոքրամասնությունը։ «Ի՞նչ է, ուզում եք, որ մարդիկ ռուսական քարոզչությո՞ւն լսեն», - ասել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։

Բայց քննադատության հիմնական բաժինը հասավ Ադրբեջանի իշխանություններին։ Հատկապես մեկնաբանություններում խիստ էր Դունյա Միյատովիչը։ «Այս պահին, երբ մենք խոսում ենք այստեղ, լրագրող Խադիջա Իսմայիլովան նստած է բանտում, այնտեղ ձերբակալում են լրագրողներին։ Այսպիսի երկրների հետ չպետք է համագործակցել, ընդհանրապես», - ասաց ԵԱՀԿ մամուլի ազատություների հարցերով պատասխանատուն։

Այնուհետև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց հետազոտությունների արդյունքները Արևելյան գործընկերության երկրներում մամուլի ազատությունների վերաբերյալ։ Նրա զեկույցը բավականին հանգամանալից էր։ Նա ներկայացրեց Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում խոսքի ազատության աստիճանը և մամուլի սահմանափակման դեպքերը։

Եվրահանձնաժողովը, ի դեպ, երեկ հավանություն է տվել Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալու բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի շուրջ։ Այդ մասին ասված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրությունում։

Սա կարելի է համարել շատ կաևոր լուր, քանի որ վաղը երեկոյան, այստեղ՝ Ռիգայում սկսվում է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Վաղը այստեղ սկսվում է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը, որին կմասնակցեն ԵԺԿ-ի անդամ երկրների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նույնպես ԵԺԿ-ի անդամ է, և Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է այդ խորհրդաժողովին։

Դեռևս չգիտենք՝ որևէ փաստաթուղթ կստորագրվի՞ Հայաստանի և Եվրամիության միջև, թե՞՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG