Մատչելիության հղումներ

Շուտով Հայաստանում Ճապոնիան կներկայացնի առաջին ռեզիդենտ դեսպանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն է ավարտում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան, որին փոխարինելու է այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանը Երևանում:

Տիկահիտո Հարադան այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ կանի ամեն հնարավորը և կաջակցի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ ի նպաստ հայ - ճապոնական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և երկու ժողովուրդների բարեկամության խորացման:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ - ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար: Նա հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012 թվականին կայացավ Հայաստանի նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության օրակարգի ընդլայնման համար:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG