Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարները պահանջում են պատժել զոհված զինվորների մայրերին բռնության ենթարկած իրավապահներին


Իրավապաշտպանները լկտի սանձարձակություն են որակում խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների մայրերի նկատմամբ ուժի կիրառումը:

Առավոտից Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ զորակցելու նախորդ շաբաթ այստեղ ոստիկանական բռնությունների ենթարկված որդեկորույս կանանց:

Ցուցարարները պահանջում էին պատասխանատվության ենթարկել մայրերին Բաղրամյան փողոցով քարշ տված իրավապահներին:

Բազմիցս այս իրավիճակում հայտնված Վարդգես Գասպարին պարզել էր Վլադիմիր Գասպարյանի ու ենթակա պաշտոնյաների լուսանկարները: Նրա խոսքով՝ հենց նրանք են կոծկում հանցագործություններն ու լռեցնում բողոքները․ - «Բողոքները կանգնեցնելու, մամլեցնելու գործիք է ոստիկանությունը: Ոչ այլ ինչ է, քան հանցագործ աշխարհի կապերի պատասխանատուն հասարակայնության հետ»:

Իրավապաշտպաններ Լարա Ահարոնյանը և Ժաննա Ալեքսանյանը տարակուսած էին․ լկտի սանձարձակություն որակեցին խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների մայրերի նկատմամբ ուժի կիրառումը: Ոստիկանությունը դեռ ծառայողական քննություն է անցկացնում՝ պարզելու, թե արդյոք իրավաչափ են եղել ծառայողների գործողություններն այդ օրը Բաղրամյան 26-ի մոտ:

«Ինչքան ստորին պիտի լինի մի անձ, որպեսզի այդ մայրերը, որ այսքան տարի սուգ են ապրում, որ իրենց երեխան են կորցրել այս պայմաններում, որ իրենք հանդեպ բռնություն կիրառվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ահարոնյանը:

Իսկ Ժաննա Ալեքսանյանն ասաց․ - «Դուք վերադարձրեք նրանց տղաներին, ինչպես իրենք են ասում: Պարտավոր էիք, նրանց կյանքի համար պատասխանատուն դուք եք: Եվ հիմա դուք քարշ եք տալիս փողոցով, բռնության եք ենթարկում»:

Պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) երեկ խորհրդարանում գործընկերներին կոչ էր արել մասնակցել այսօրվա ակցիային․ - «Եթե այս երկրում զոհված զինվորի մորը քարշ են տալիս, Հայաստանում որևէ քաղաքացի հանգիստ պիտի չքնի: Եթե մի քիչ մեջներս նամուս կա, եթե մեջներս մի քիչ արդարության զգացում կա, եթե մեջներս մի քիչ արժանապատվություն կա, այդ ծնողների կողքին յուրաքանչյուրս պիտի կանգնենք»:

Մանուկյանին միացած Լևոն Զուրաբյանը համոզված է, եթե մայրերը հավաքվեին, օրինակ, կառավարության առջև, ոստիկանները արձագանքը կոշտ չէր լինի:

«Այսօր ամբողջ իշխանությունը Հայաստանում պատկանում է մի մարդու, մի անձի: Այդ անձը ֆիզիկապես գտնվում է այստեղ: Եվ բնական է, որ ցանկացած հավաք, ցանկացած բողոքի ակցիա իր ռեզիդենցիայի շուրջը նա ընկալում է որպես վտանգ իր իշխանությանը», - ասաց Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորը գիտի, թե ինչու տարիներ շարունակ չեն բացահայտվում զինվորների սպանությունները․ ինչպես պետական այլ կառույցներում, բանակում էլ կոռուպցիա է ու ամենաթողություն․ - «Զինվորներին սպանում են, հետո դա ձևակերպում են որպես ինքնասպանություն, և այդ փաստերը շարունակում են մնալ չհետաքննված, չբացված»:

Հինգ տարի առաջ բանակում սպանված Արտակ Նազարյանի գործն արդեն Եվրոպական դատարանում է: Նրա մայրը փաստում է՝ զինվորական դատախազության մեղադրական եզրակացությունը հայաստանյան դատական երեք ատյաններում էլ մնաց անփոփոխ․ - «Առանց մի տառ փոխելու: Ամեն ինչ կրկնվեց նույնը»:

Ըստ դատավճռի, 30-ամյա սպային ինքնասպանության են հասցրել ծառայակիցները: Մայրը համոզված է, որ կազմակերպված սպանություն է եղել․ հրամանատարները չէին սիրում որդուն, նա զինվորներին չէր ծեծում ու հայհոյում՝ կաշառք պահանջելով․ - «Դրա համար էլ հաշվեհարդար են տեսել: Իր վերադաս հրամանատարները ջարդով սպանել են, վերջում էլ զոռով զենքը մտցրել են կիսամեռ մարդու բերանը ու կրակել են: Հետո մարմինը տեղափոխել են դիրքերից վերև․ ակնկալել են, որ դիպուկահարները մարմինը ցրիվ կտան, ու իրենք կազատվեն այդ սպանության բանից»:

Իրավապաշտպաններն ասում են, թե մայրերը արհամարհված են, Բաղրամյան 26-ի ճաղերի մյուս կողմից որևէ մեկը իրենց չի պատասխանում: Գոնե չեն հուսադրում, որ իրական մեղավորները պատժվելու են: Մինչդեռ բանակի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարտավոր է ընդունել նրանց, գլուխ խոնարհել․ որդիներին նրա պատասխանատվությանն էին հանձնել:

«Եթե մի բան եղավ քո հետ, ո՛չ կարողանում են մարդավարի բուժեն, ո՛չ էլ, եթե մահանում ես խաղաղ պայմաններում, արդարություն է լինում կամ բացահայտվում է, թե ինչ է կատարվել», - ասաց Լարա Ահարոնյանը:

«Քննությունը չի կատարվել, և այս մարդիկ հայտնվել են փողոցում և չեն կարողանում գնալ տուն: Գոնե եթե բացահայտեն, մխիթարություն է այս ծնողների համար», - հավելեց Ժաննա Ալեքսանյանը:

Ակցիան ավարտվեց ստորագրահավաքով: Սերժ Սարգսյանին ուղղված նամակով ցուցարարները կոչ են անում կտրուկ քայլեր ձեռնարկել՝ գործերին նոր ընթացք տալու համար․ - «Պահանջում ենք չհովանավորել հայոց բանակի զինվորներին սպանած հանցագործներին»:

XS
SM
MD
LG