Մատչելիության հղումներ

Պահանջն է՝ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և ընկերներին։

«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) այսօր կրկին բողոքի ցույց կանցկացնի Հայաստանում օտարերկրյա դեսպանատների մոտ՝ Շանթ Հարությունյանին և ընկերներին ազատ արձակելու պահանջով։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Բալյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ակտիվիստները ճաղերի հետում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար։

«Էսօր Հայաստանում քաղբանտարկյալներ կան և քաղհալածյալներ կան, եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նման բան չպետք է լինի, բայց եթե մարդիկ հետապնդվում են անհիմն պատճառներով, նույնիսկ կալանավորվում են, հետապնդումների են ենթարկվում քաղաքական հայացների համար, էդ երկիրը ո՞նց կարող է դեմոկրատական երկիր լինել», - ասաց Բալյանը։

Նա նշեց, որ իրենք այցելելու են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների դեսպանատներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակներ։

«Որոշ տեղեր կուղարկվի էլեկտրոնային փոստով, որոշ տեղեր առձեռն կհանձնվի։ Այն դեսպանատները և միջազգային կառույցները, ովքեր ավելի շահագրգռված են մարդու իրավունքների և քաղբանտարկյալների խնդիրներով, հարցեր են բարձրացնում պարբերաբար, շահագրգռված են, որ մարդու իրավունքների խնդիրները կարևորվեն և չանտեսվեն՝ իհարկե, առաջին հերթին իրենց ենք դիմում այդ նամակներով», - ասաց ՀԽ անդամը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի՝ վերջերս կալանքից ազատված անդամները պնդում են, որ ազատ են արձակվել միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո ու պայքարելու են այնքան, որպեսզի ազատ արձակվեն նաև Շանթ Հարությունյանն ու ընկերները։ Վերջիններս մինչև յոթ տարվա ազատազրկման են դատապարտվել խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով։

XS
SM
MD
LG