Մատչելիության հղումներ

44 միլիոն դրամ և 75 հազար դոլար․ վարչապետի որդին հայտարարագրել է կարողությունը


Հետաքննող լրագրողները վստահ են՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանն ավելի մեծ կարողություն ունի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրի համաձայն, այսօրվա դրությամբ 44 միլիոն դրամ և 75 հազար դոլար ունի։ Ըստ Ներկայացված փաստաթղթերի, 29-ամյա Աբրահամյան կրտսերը «Իմպերիում գրուպ» ընկերությունից որպես տնօրեն ամսական 120 հազար դրամ աշխատավարձ է ստանում, «Արգ-լև գազ» և «Մայ-Արգ» ընկերություններից էլ ամսական մոտ 8,5 միլիոն դրամ շահաբաժին ունի։

Քաղաքապետի պաշտոնին հավակնող Աբրահամյանը, ըստ հայտարարագրի, Արտաշատում սեփականություն չունի, Երևանում հայտարարագրել է մեկ բնակարան, ևս մեկ 1 շենք-շինություն, 1 հեկտարի չհասնող 2 հողակտոր։ Կես հեկտար հողամաս էլ հայրական գյուղում՝ Մխչյանում ունի։ Հայտարարագրել է նաև «Մերսեդես» մակնիշի մեկ ավտոմեքենա։

Մինչդեռ հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը պնդում է, որ կրտսեր Աբրահամյանը խնամքով թաքցրել է իրեն պատկանող 18 ընկերություններն ու դրանցից ստացվող իրական եկամուտները։

Հետաքննող լրագրողների ընկերակցությունը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Հովիկ Աբրահամյանի և նրա մերձավորների՝ այդ թվում Արգամ Աբրահամյանի կարողությունների մասին։ «Հետք»-ը պնդում է. Արգամ Աբրահամյանը նշված 18 ընկերություններից 7-ի 100 տոկոս բաժնետերն է, 5-ից կիսով չափ բաժնեմաս ունի։ Էդիկ Բաղդասարյանը համոզված է. սա դեռ ամբողջը չէ։

«Մենք 18 ընկերություն գտանք, որը ինքը չի հայտարարագրել։ Ընկերություններ կան, որտեղ 100 տոկոս բաժնետերը ինքն է, և դրանք հսկա ընկերություններ են։ Մենք նայեցինք՝ գործունեությունը դադարեցրած ընկերություն չկար: Մի մասը հնարավոր ա աշխատում են, ուղղակի ցույց չեն տալիս», - ասաց Բաղդասարյանը։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, շեշտելով, որ իրենք հայտարարագրերում ներկայացված տվյալներն ստուգելու պարտավորություն չունեն, ասացին, որ թեկնածուները միայն հայտարարագրում են իրենց վերջին մեկ տարվա եկամուտները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ 2011 թվականինէ այդպիսի որոշում կայացրել՝ պարտավորեցնելով թեկնածուներին հայտարարագրել միայն մեկ տարվա եկամուտները։

Օրենքի մեկ այլ դրույթ պահանջում է, որ քաղաքապետի թեկնածուն տվյալ համայնքում հաշվառված լինի առնվազն վերջին 6 ամիսներին։ Արգամ Աբրահամյանը ներկայացրած տեղեկանքի համաձայն 2012 թվականից հաշվառված է Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։

Եղանք տեղում, խորհրդային տարիներին կառուցված շենք էր։ Նշված հասցեն մեզ տարավ 4-րդ հարկ։ Հարկի աստիճանները սալիկապատված էին։ Դռան զանգերին ոչ ոք չպատասխանեց։ Հարևանները զգուշավոր ասացին, որ տեսել են Արգամ Աբրահամյանին գալ-գնալիս, չնայած, որպես այդ բնակարանի բնակիչ շեշտում էին Արսեն Աբրահամյանի անունը, ով քաղաքապետի թեկնածուի հորեղբոր որդին է և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը։

«Էս շենքում ապրում ա Աբրահամյանի հորեղբոր տղան՝ Արսեն Աբրահամյանը։ Ոստիկանության գնդապետ ա։ Աաայ, էն չորրորդ հարկը, որ անտենա ա դրած», - ասաց արտաշատցիներից մեկը։

Վաղը Արտաշատում կսկսվի քարոզարշավը։ Այսօր էլ թեկնածու Արգամ Աբրահամյանը չհամաձայնեց հարցազրույցի։ Նրա օգնականն ասաց, որ թեկնածուն շատ զբաղված է՝ քարոզարշավի է պատրաստվում։ Արտաշատցիները, թեև զգուշավոր, բայց նշում էին, որ առանց քարոզարշավի էլ ընտրությունների ելքը վճռված է։ Իսկ վարչապետի որդու ունեցվածքի մասին նախընտրում էին լռել:

«Այդ հարցերի մասին խոսելը համ դժվար է, համ էլ դաժան է։ Խոսես՝ կդառնաս 37 թվի զոհերից», - նշեց Արտաշատի մեկ ուրիշ բնակիչ։

Նշենք, որ Արգամ Աբրահամյանի միակ մրցակից Հովհաննես Ղազարյանն, ըստ ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի տեղ չի աշխատում, սեփական «Տոյոտա» մակնիշի մի մեքենա ունի և 4 հազար քառակուսի մետր հողատարածք։ Ամսական մոտ 1 միլիոն դրամ եկամուտ է ստանում վարձակալության տրված տարածքների հաշվին։ Թեկնածու Հովհաննես Ղազարյանը ևս հաշվառված է Արտաշատի բազմաբնակարան շենքերից մեկում։ Այստեղ էլ, սակայն, դուռն այսօր բացող չեղավ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG