Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ կսկսի Հայաստանի հետ


Բրյուսելի ներկայացուցչի խոսքով, Եվրամիության ու Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ոչ միայն քաղաքական, այլև՝ առևտրին ու ներդրումներին վերաբերող նշանակալի բաժին:

Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը այսօր դիմել է Եվրամիության խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար:

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից երկու օր առաջ Երևանում հրավիրած ասուլիսում Եվրամիության պաշտոնյան այս տեղեկությունը լրագրողներին փոխանցեց՝ անանուն մնալու պայմանով:

Բրյուսելի ներկայացուցչի խոսքով, Եվրամիության ու Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ոչ միայն քաղաքական, այլև առևտրին ու ներդրումներին վերաբերող ծավալուն բաժին:

«Նոր փաստաթղթում Եվրամիության ու Հայաստանի գործարարների, ներդնողների համար հստակ կերպով սահմանվելու են փոխգործակցության կանոնները: Փաստաթղթղում արտացոլված են լինելու որոշակի ոլորտներ, որոնք չեն կարգավորվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության կանոններով՝ օրինակ ներդրումների կամ գնումների ոլորտը, ուր Հայաստանը ավելի ազատ կլինի՝ շուկան ավելի բացելու համար: Սակայն սա միակ ոլորտն է: Հիմնական ոլորտները՝ ապրանքներին ու ծառայություններին վերաբերող, կարգավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական միության կանոներով, և այստեղ Հայաստանը ազատ չէ ստանձնելու նոր պարտավորություններ», - ասաց ԵՄ պաշտոնյան:

Նրա խոսքով, նոր փաստաթղթի ու չստորագրված Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ նոր փաստաթուղթը արտոնություններ չի նախատեսում, սակայն այն «լուրջ ներդրում կլինի երկկողմ կապերի խորացման ու Հայաստանում բարեփոխումներն առաջ տանելու ուղղությամբ»:

Բարձաստիճան պաշտոնյան միաժամանակ նշեց, որ Արևելյան գործընկերության այն երկրները, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր՝ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, 2014 թվականի ընթացքում ավելացրել են արտահանման ծավալները դեպի Եվրամիություն: Մոլդովայից ու Վրաստանից դեպի եվրոպական շուկա արտահանումները աճել են համապատասխանաբար 20 և 18 տոկոսով:

«Սա Բրյուսելի հետ տարվող քաղաքականության ու բարեփոխումների կոնկրետ արդյունքն է»,- ընդգծեց Եվրամիության ներկայացուցիչը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ Ռիգայի գագաթնաժողովում հայտարարվելու է, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները կարող են օգտվել Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու առավելություններից, նրանց համար հասանելի կլինի մոտ 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային փաթեթ: Բացի այդ՝ այդ երկրների համար մոտ 3 միլիարդ եվրոյի ներդրումներ են լինելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, ֆինանսական այլ կառույցներից: Եվ վերջապես, Եվրամիության և Ուկրաինայի միջև ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի Բրյուսելը Կիևին հատկացնելու է 1.8 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օժանդակություն:

XS
SM
MD
LG