Մատչելիության հղումներ

Հունվարից Երևանի անհետ կորած բնակչի դին հայտնաբերվել է Արարատի մարզում


Քննչական կոմիտեի շենքը
Քննչական կոմիտեի շենքը

2015 թվականի հունվարի 2-ից անհետ կորած, Երևանի 79-ամյա բնակչի դին հայտնաբերվել է Արարատի մարզում։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝ Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է դիակ: Պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։

«2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա Հովհաննես Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ղազարյանը հունվարի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և գնացել Երևանում բնակվող քրոջը տեսության: Քրոջ տան բակում հանդիպել է բնակչուհի Կ.Ավագյանին և հիշողության կորստի պատճառով նրանից ճշտել քրոջ տան հասցեն, ինչից հետո բաժանվել են: Քույրը՝ Ս. Ղազարյանը, այդ օրը տանը չի եղել», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Ղազարյանի մահվան հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG