Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները նախագահականից շարժվեցին ԱԺ, նրանց դիմավորեց Փաշինյանը


Ցուցարարները պատգամավորին խնդրեցին վաղը՝ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, կրկին բարձրացնել իրենց խնդիրը։

Նախագահի նստավայրի դիմաց մոտ մեկ ժամ «ամոթ» վանկարկելով և այդպես էլ որևէ արձագանք չստանալով՝ նաիրիտցիները նախ բաց նամակով դիմեցին նախագահ Սերժ Սարգսյանին, ապա շարժվեցին Ազգային ժողով։

Հարյուրավոր ցուցարարներին, սակայն, դիմավորեց ընդամենը մեկ պատգամավոր՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը ցուցարարներին տեղեկացրեց, որ հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով խոստացել է՝ պարտքը կմարվի մինչև տարեվերջ՝ գործարանի ոչ պիտանի գույքի վաճառքից հետո։

«Ինքը [Երվանդ Զախարյանը] մոտավորապես հետևյալ միտքն էր արտահայտում՝ որ էդ վաճառքից գումարներ կգոյանան, էդ պահից սկսված կսկսվի փակվել։ Խողովակը հիմա գետնի տակ է, պիտի քանդեն, հանեն վաճառեն, գումարը գա, քանդեն հանեն վաճառեն, գումարը գա...», - ասաց Փաշինյանը։

Լրացուցիչ տեղեկություն իմանալու համար Փաշինյանը կրկին զանգահարեց նախարարին, վերջինս, սակայն խնդրեց պատգամավորին իրեն ամենօրյա ռեժիմով չդիմել՝ ասելով, թե Կառավարությունը շարունակում է աշխատել խնդիրը լուծելու ուղղությամբ։

«Պարոն Զախարյան, էն օրը ասեցիք վաղը կլինի, երեկ ասեցիք էսօր կլինի, էսօր ասում եք երեկ չի եղել, բա մարդիկ պետք է իրանց հարցերի պատասխանը ստանան, առաջակում եք մինչև դեկտեմբերի 31-ը սպասեն, հետո էլ ասեք՝ չեղա՞վ։ Բա ձեզ զանգում է ազգային ժողովի պատգամավոր, ի՞նչ է նշանակում` «ամենօրյա ռեժիմով չեմ կարա ինֆորմացիա տամ», պետք լինի ամենժամյա ռեժիմով էլ պիտի ինֆորմացիա տաք, էդ ի՞նչ է նշանակում։ Բա ձեր գործի անունն ինչ է՞», - հեռախոսով ասաց Փաշինյանը Զախարյանին։

Ցուցարարները պատգամավորին խնդրեցին վաղը՝ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, կրկին բարձրացնել իրենց խնդիրը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ մայիսի 13-ի հանդիպման ժամանակ նշել էր, թե ԱՊՀ միջպետական բանկում «Ռայնովիլ» ընկերության կողմից գրավադրված «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը մեկ-երկու օրում կհանձնվեն Հայաստանի կառավարությանը: Հայտարարությունից մեկ շաբաթ անց, սակայն, «Ազատության» հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նշեց, որ գույքը դեռևս հանված չէ գրավից․ - «Աշխատանքները շարունակվում են: Հարցի վերջնական լուծումից հետո նախրարությունը պաշտոնապես կտեղեկացնի, որ «Նաիրիտ» գործարանի գույքը հանվել է գրավից»:

XS
SM
MD
LG