Մատչելիության հղումներ

Լեհաստանի նոր դեսպանը հանդիպեց Հայաստանի վարչապետին


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին՝ այսօր հանդիպելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեսպանը կարևորել է հայ - լեհական հարաբերությունների հետագա խորացումը, տեղեկացրել, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և այստեղից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում: Նշվել է, որ այդ նպատակով այժմ անցկացվում են համապատասխան քայլեր: Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի:

Դեսպանը նաև Հայաստանի վարչապետին է փոխանցել Լեհաստանի կառավարության ղեկավար Եվա Կոպաչի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Աբրահամյանը բարձր է գնահատել հայ - լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում նա կարևորել է հայ - լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և գոհունակություն հայտնել հանձնաժողովի՝ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած նիստի արդյունքներից: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է աշնանը, ընդգծվել է դրա շրջանակում համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:

Դեսպան Նովակովսկին հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում Յագելոնյան համալսարանում հայագիտական կենտրոն բացելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև կրթական ոլորտում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ երկրում լեհական համայնքի նկատմամբ մեծ ուշադրության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG