Մատչելիության հղումներ

Շարմազանով. Հարկավոր է հասնել թուրքական ժխտողականության քրեականացմանը


Էդուարդ Շարմազանովը Աթենքում ելույթ է ունենում «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովում, 18-ը մայիսի, 2015թ․
Էդուարդ Շարմազանովը Աթենքում ելույթ է ունենում «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովում, 18-ը մայիսի, 2015թ․

«Պետք է պայքարենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ՝ բացառելու նոր էնվերների, նոր թալեաթների, նոր քեմալների և, ի վերջո, նոր հիտլերների ծնունդը», - երեկ Աթենքում «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովն իր ելույթում նախ նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը։

«Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը՝ պայքարելու ցեղասպանություն երևույթի ճանաչման և դատապարտման ուղղությամբ։ Ցավոք, ցեղասպանությունները ճանաչելու և ծանր բեռը թոթափելու փոխարեն Թուրքիայի իշխանությունը գնում է ժխտման ուղիով՝ հանցակից դառնալով մեկ դար առաջ իրականացված հանցագործությանը, օկուպացնում է Կիպրոսի մի մասը, ապօրինի շրջափակում Հայաստանը, 301 հոդված պահում, գալիպոլիներ կազմակերպում` փորձելով թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, հոխորտում է Հռոմի պապի և այն երկրների առաջնորդների վրա, ովքեր ճանաչում և դատապարտում են Ցեղասպանությունը», - ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը՝ հավելելով. - «Մենք՝ երեք ժողովուրդների ներկայացուցիչներս, պետք է միավորենք մեր ողջ ներուժը հանուն մարդու իրավունքների պաշտպանության, պատմական արդարության վերականգնման և ընդդեմ թուրքական ժխտողականության»։

Շարմազանովը նշել է, որ հարկավոր է հասնել թուրքական ժխտողականության քրեականացմանը: «Ցեղասպանությունների մասին լռելը կարող է ծնել նոր ցեղասպանություններ, ինչի վառ վկայությունն են Հոլոքոսթը, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները», - շեշտել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG