Մատչելիության հղումներ

ԳՆ. Կարկուտի պատճառած վնասը կազմել է 1 միլիարդ 142 միլիոն դրամ


Մայիսի 15-ին տեղացած կարկուտի հետևանքով Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի , Վայոց Ձորի Ռինդ, Աղավնաձոր և Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ և Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ: Այս մասին տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունը։

Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներից` 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 միլիարդ 142 միլիոն դրամ, որից 836 միլիոն դրամը` պտղատու այգիներից, իսկ շուրջ 306 միլիոն դրամը` խաղողի այգիներից:

Մասնավորապես Արմավիրի մարզի թվով 7 համայնքներում տուժած պտղատու այգիների տարածքը կազմում է շուրջ 539.5, իսկ խաղողի այգիներինը` 122 հեկտար: Ընդ որում, պտղատու և խաղողի այգիների բերքի կորուստը կազմում է 20-90 տոկոս: Արագածոտնի մարզի երկու համայնքներում տուժել են 329 հեկտար պտղատու այգիներ (վնասը` մոտ 20-60 տոկոս) և 50 հեկտար խաղողի այգիներ (30-60 տոկոս): Վայոց Ձորի 3 համայնքներում տուժել են շուրջ 190.4 հեկտար պտղատու այգիներ (30-75 տոկոս) և շուրջ 223 հեկտար խաղողի այգիներ (50-75 տոկոս):

«Դիտարկումները ցույց են տալիս, որ մայիսի 15-ի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի և խաղողի արտադրության ծավալների վրա», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG