Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտ Ղուլյանը կրկին կառաջադրվի ԼՂ խորհրդարանի խոսնակի պաշտոնում


Չնայած Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայները հավաքեց վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիքը», խորհրդարանի նախագահի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կվստահեն խորհրդարանում մեծությամբ երրորդ ուժի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանին:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Վարդգես Բաղրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջնական որոշումը կկայացվի մայիսի 21-ին՝ նոր գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում՝ փակ քվեարկությամբ․ - «2010 թվականին նույնպես մոտավորապես այս պատկերն էր, և հենց «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջարկեց Աշոտ Ղուլյանի թեկնածությունը, և ձայների ճնշող մեծամասնությամբ, փակ, գաղտնի քվեարկությամբ, իհարկե, Աշոտ Ղուլյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ: Կարելի է ասել՝ պատմությունն ամենայն հավանականությամբ կրկնվելու է: Չնայած ասեմ, որ ընտրություններն են ցույց տալու»:

Իշխող քաղաքական ուժին իր աջակցությունը հայտնած, խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Դաշնակցությունը նոր խորհրդարանում ղեկավար պաշտոն կունենա՝ չցանկանալով, սակայն, անուններ կամ կոնկրետ պաշտոն նշել․ - «Քաղաքական կոնսուլտացիաներ, բնականաբար, կան, և այդ կոնսուլտացիաները բավականին դրական ընթացքով են ընթանում: Պետք է մեկ-երկու օր համբերենք ևս, որպեսզի ամբողջականանա այն, ինչ կարող է ի հայտ գալ այդ խորհրդակցությունների ընթացքում: Դաշնակցությունը կստանա այն, ինչ ինքը վաստակել է, և մենք մեր վաստակի համապատասխան կունենանք մեր արժանի տեղերը»:

Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ դաշնակցական, նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի անունը:

«Ազատության» հետ զրույցում Պետրոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ տեղեկությունը: Ասաց՝ վերջնական որոշում դեռ կայացված չէ, այլ հարցերի չպատասխանեց․ - «Չեմ կարծում, թե ինչ-որ բան որոշված է»:

Նոր խորհդարանի 33 մանդատները այսօր հանձնվեցին, պատգամավորական տեղերից հրաժարվեցին միայն չորսը․ այդ թվում՝ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Դաշնակցության ցուցակից փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ովքեր կշարունակեն գործունեությունն իրենց պաշտոններում:

Նշենք, որ ի տարբերություն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում, ըստ Սահմանադրության, խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական չի ներկայացնում:

Նոր խորհդարանի առաջին նիստից հետո 20 օրյա ժամկետում, նախարարական կաբինետը ընդամենը գործունեության ծրագիրը կբերի Ազգային ժողով, որը մերժելու դեպքում միայն կարող է խոսք լինել կառավարության հրաժարականի մասին:

Ամեն դեպքում, ըստ Ազգային ժողովում ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, չի բացառվում, որ առաջիկա օրերին կառավարությունում նոր նշանակումներ լինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG