Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան


Առաջիկա օրերին տեղի կունենան էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով խորհրդարանական լսումներ, խոստացավ Ազգային ժողովի հանրապետական նախագահ Գալուստ Սահակյանը։

Կեսօրից հետո հոսանքի գնին միանգամից մի քանի ընդդիմադիր պատգամավորներ անդրադարձան, նրանց թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը։

Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստ լինի, լսումներ կանցկացվեն, պատգամավորների մտավախությունները փորձեց փարատել ԱԺ-ի նախագահը, ասաց՝ կհրավիրվեն բոլոր պատասխանատուները։ Բայց պատգամավորները շարունակեցին թեման, թե «Հայկական էլեկտրական ցանցերի գողության պատճառով կուտակված միլիոնների պարտքը փորձ է արվում դնել ժողովրդի ուսերին»։

Գալուստ Սահակյանը անցավ պատժամիջոցների՝ անջատելով ելույթ ունեցող Լևոն Զուրաբյանի (ՀԱԿ), Ռուբիկ Հակոբյանի («Ժառանգություն») խոսափողները։

Խորհրդարանը չի քննարկի Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի վիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի հանձնաժողով ստեղծելու հարցը․ ՀԱԿ նախաձեռնությանը, տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, չմիացան անհրաժեշտ թվով՝ 44 պատգամավորներ։ Փոխարենն ընդդիմադիր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունն» այսօր հավաքվել էին քննարկելու թանկացման դեմն առնելու ուղիները։

«Մենք պայմանավորվել ենք բոլոր ընդդիմադիր խմբակցությունների հետ, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարցում համագործակցելու ենք և կաշխատենք ստեղծել ընդհանուր ճակատ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, կողմ է խորհրդարանական լսումներին։ Հանձնաժողովները երկար են աշխատում, իսկ թանկացումը կարող է տեղի ունենալ հունիս-հուլիսին։ Եթե լսումներն արդյունք չտան, ԲՀԿ ղեկավար խոսքով, միշտ կարելի է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։

«Փորձել հասկանալ, թե ինչպես է լինում, որ այդ կազմակերպությունները ամենուր հայտարարում են, որ իրենք աշխատում են վնասով, բայց շարունակում են ատամներով կառչած մնալ իրենց բիզնեսին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Լևոն Զուրաբյանը չբացառեց նաև հանրահավաքային պայքարը.- «Եթե հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, իշխանությունը չի գնա այս քայլին և կնահանջի»։

ԱԺ-ի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյան ասաց.- «Փողոց դուրս գալու իրավունքը ժողովրդի իրավունքն է, բայց որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմնակից չի լինելու ստեղծել կամ խորացնել պայմաններ և վիճակներ, որպեսզի ժողովուրդը փողոց դուրս գա»։

Ցանկացած թանկացում կարող է դառնալ ընդվզման արդյունք, կարծում է հանրապետական Սուքիաս Ավետիսյանը, ուստի իրենք ժողովրդին իրավիճակը ճիշտ բացատրելու խնդիր ունեն։

«Ինչքան մանրամասն իրազեկվենք, այնքան ավելի լավ, այնքան կփորձենք [թանկացման] հիմնավորվածության տոկոսը: Միգուցե թանկացումը Հայաստանի Հանրապետության մի հինգ տոկոսի համար ծանր չի լինի, մնացածի համար ցանկացած դեպքում ծանր է, որովհետև հոսանքի թանկացումը մի շղթա է։ Միայն հոսանքով չէ»։

ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 17 դրամով։ Անցած տարվա թանկացումն էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հիմնավորում էր ֆինանսական ճեղքվածքով, կանխատեսում էր, որ 2015 թվականին թանկացումներ չեն լինի։

XS
SM
MD
LG