Մատչելիության հղումներ

Արևելյան Ուկրաինայում ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հետախուզական վարչության երկու հատուկ ջոկատային: Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ զինծառայողները ձերբակալվեն են շփման գծի մոտ, Շաստյե քաղաքի մերձակայքում:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը՝ կրկին վերահաստատելով, որ ռուսական զորքեր չկան Արևելյան Ուկրաինայում: Իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ գիտեն ձերբակալվածներին, սակայն նրանց ներկայացրել են իբրև Լուգանսկի ոստիկանության աշխատակիցներ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության հարցաքննության տեսանյութում ձերբակալված վիրավոր զինծառայողը ներկայանում է, հայտնում անուն-ազգանունը, առնվազն երեք քննիչի հարցերին պատասխանելով՝ ասում է, որ սերժանտ է, ներկայացնում մանրամասներ, թե ինչ են անում ռուսական զինված ուժերի 14 զինծառայողից բաղկացած գումարտակները Արևելյան Ուկրաինայում:

Տեսանյութում զինծառայողը պատմում է, որ գումարտակները փոխարինվում են 4-5 օրը մեկ, նշում է, թե ինչպես, կոնկրետ ում մասնակցությամբ, հերթափոխության ինչ կարգով են Ռուսաստանի զինված ուժերը մասնակցում ռազմական գործողություններին: Նա ասում է, որ ինքը պայմանագրային զինծառայող է, պարտավորությունն է հսկել տարածքը:

Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը Ռուսաստանին բազմիցս մեղադրել են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ, սակայն Ռուսաստանը պաշտոնապես հերքում է այդ պնդումները:

Ուկրաինական բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոն այսօր հայտարարել է, որ զինծառայողների ձերբակալությունից հետո ռուսական կողմը որևէ հիմք չունի պնդելու, որ ռուսական բանակը մասնակցություն չունի Ուկրաինայի արևելքում չդադարող ռազմական գործողություններին: Լիսենկոն լրագրողներին տեղեկացրել է, որ վաղը ուկրաինական ԶԼՄ-ները «հնարավորությւոն կունենան հարցեր տալ ձերբակալված ռուս զինծառակողներին»։

Ուկրաինայի պետական դումայի պատգամավոր, ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկու ռուս զինծառայողներին փոխանակել Ռուսաստանում կալանավորված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի և 400 այլ ուկրաինացիների հետ:

Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի մասնակցության մասին էր պնդում նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Կրեմլի մոտ նրա սպանությունից մոտ երեք ամիս անց՝ անցյալ շաբաթ, Նեմցովի գաղափարակիցները հրապարակել էին զեկույց, ըստ որի՝ Ուկրաինայի արևելքում սպանվել է ռուսական բանակի ավելի ք ան 220 զինծառայող: Զեկույցում ներկայացրել էին Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակից ռուսական բանակի զինծառայողների անուն-ազգանունները, բնակության վայրը, կիրառած զինատեսակները և մի շարք այլ տվյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG