Մատչելիության հղումներ

Որդեգրման գործընթացը Հայաստանում հաճախ «օրենքից և պետության վերահսկողությունից դուրս է»


ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոնը Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրում է որդեգրման գործընթացի վրա, որը շատ դեպքերում օրենքից և պետության վերահսկողությունից դուրս է:

«Ապօրինի որդեգրման պատճառով շատ երեխաներ դառնում են առքուվաճառքի առարկա», - այսօր Երևանում հայտարարեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի երեխաների վաճառքի, մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոնը՝ Հայաստանում կատարած 7-օրյա ուսումնասիրություններից հետո:

Թեև ըստ միջազգային փորձագետի, Հայաստանում երեխաների թրաֆիքինգի ցուցանիշը՝ նույն բնակչությամբ այլ երկրների համեմատ բարձր չէ, մտահոգիչ մի շարք հարցեր, այդուամենայնիվ, կան, օրինակ՝ առցանց տիրույթում երեխաների սեռական շահագործման դեպքերն ու անչափահասների ամուսնությունները:

«Ես տեղյակ եմ, որ օրենսդրորեն Հայաստանում ամուսնության տարիքը 18-ն է, սակայն, սա չի խանգարում որոշ դեպքերում վաղ ամուսնություններին: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ անել, գյուղական համայնքներում իրազեկման աշխատանքներ տանել՝ կանխարգելելու վաղաժամ ամուսնությունները», - ասաց պաշտոնյան:

Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանում 14 երեխա է ենթարկվել շահագործման՝ 9-ը՝ աշխատանքային, 5-ը՝ սեռական: Իրավապահ մարմինները, սակայն, չեն թաքցնում՝ հանցագործության՝ դժվար բացահայտելի լինելու պատճառով հնարավոր չէ իրական պատկերը ստանալ:
«Եթե չափահաս անձի թրաֆիքինգի համար պարտադիր են որոշակի հարկադրանքի ինչ-որ միջոցներ՝ բռնություն, վստահության չարաշահում, ապա երեխաների թրաֆիքինգի և շահագործման համար այդ միջոցները պարտադիր չեն», - ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Այսօր հատկապես երեկոյան ժամերին փողոցում քիչ չեն ծաղիկ, սրբանկար վաճառող կամ պարզապես մուրացող երեխաները։ Ոստիկանությունը զգուշանում է նրանց միանշանակ թրաֆիքինգի զոհ անվանել, մինչդեռ Մարդու իրավունքների միջազգային փորձագետը շեշտում է՝ պարտադիր չէ, որ երեխաները շահագործվեն հանցավոր ցանցերի կողմից: Շատ անգամ այդ քայլին նրանց հրահրում են հենցծնողները:
«Հայերը հատուկ վերաբերմունք ունեն երեխաների նկատմամբ, այդուհանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ հենց ծնողներն են վտանգում սեփական երեխայի կյանքը: Ես նույնիսկ դեպք եմ լսել, երբ հենց մայրն է հրահրել երեխային զբաղվել մարմնավաճառությամբ», - ասաց Մոդ դե Բյոր-Բուքիքիոնը:

Հոգեբան Լյուդմիլա Բադալյանը երկար տարիներ աշխատում է թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների հետ: Հենց այսօր նրա հոգածության տակ սեռական շահագործման ենթարկված 14-ամյա մի աղջիկ է, ով չի կարողացել ընդհանուր լեզու գտնել ծնողների հետ: Հոգեբանը վստահ չէ, որ հոգեպես և ֆիզիկապես ապաքինվելուց հետո երեխան նորից փողոցում չի հայտնվի:

«Ուզում ենք գտնել մի այլ տեղ, այլ ձև, որը կօգնի իրենց դուրս գալ անելանելի վիճակից, բայց միշտ չէ, որ այդ նոր տեղը ավելի լավն է լինում: Եթե մենք կարողանանք ապահովել նրանց հետագա ավելի բարենպաստ կյանքը, իհարկե շատ ավելի լավ կլինի՝ ուսուցում է, մասնագիտական կողմնորոշում է, երբ իրենք սկսում են հավատալ, որ կարող են այլ գործով զբաղվել», - նշեց հոգեբանը:

«Երեխաների թրաֆիքինգի իրական ծավալներն այսօր հնարավոր չէ պատկերացնել, քանզի ամբողջական պատկեր ստանալու համար մինչև օրս լուրջ և հստակ ուսումնասիրություն չի արվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց 10 տարի այս խնդրով զբաղվող «Ամկոր» ՀԿ-ի հակաթրաֆիքինգային և առողջապահական ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան՝ ընդգծելով, սակայն, որ խնդիրն այնքան ժամանակ լուծել հնարավոր չի լինի, քանի դեռ երկրում բնակչության մեկ երրորդը աղքատ է:

«Թե էդ երեխան ընտանիքը ու իր մյուս եղբայրները քույրիկները սոված մնան ու ինքը գնա դուրս աշխատանքի, էստեղ դու արդեն չգիտես՝ ոնց վարվել: Նամանավանդ որ դու ոչ մի այլընտրանք չես կաորղ առաջարկել նման երեխային ու նման ընտանիքն: Սա ոչ թե իրավունքների խնդիր է, սա սոցիալական պաշտպանության խնդիր է», - ընդգծեց Վիկտորիա Ավակովան:

XS
SM
MD
LG