Մատչելիության հղումներ

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Մոսկվայում համաձայնագիր կստորագրի


Արմեն Երցյան, արխիվ
Արմեն Երցյան, արխիվ

Վաղը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարար Արմեն Երիցյանը կմեկնի Մոսկվա։

ՏԿԱԻ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մոսկվայում Երիցյանը Հայաստանի կառավարության անունից Ռուսասատանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ կստորագրի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, որից հետո երկու նախարարները կքննարկեն կենտրոնի գործարկման հետ կապված մի շարք հարցեր:

«Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար», - ասված է հաղորդագրությունում։

Մոսկվա այցի շրջանակներում Երիցյանը կայցելի նաև «Համալիր անվտանգություն 2015» խորագրով 8-րդ միջազգային ցուցահանդեսին, իսկ մայիսի 20-ին նա ներկա կլինի Մոսկվայի շրջանի Նոգինսկ քաղաքում անցկացվող ԱԻ հետևանքների վերացման թեմայով ցուցադրական դաշտային ուսումնավարժությանը։

Նախատեսվում է նաև Երիցյանի և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Հայաստանի աշխատանքային միգրանտների հետ կապված մի շարք հարցեր:

Նույն օրը Արմեն Երցյանը հանդիպում կունենա Ռուսաստանի էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային տեսչության դաշնային ծառայության ղեկավար Ա. Ալյոշինի հետ` ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG