Մատչելիության հղումներ

Նորածինների համար տրվող գումարը ստանալը «գլխացավանք է դարձել»


4-րդ երեխայի համար կառավարության խոստացած 1 միլիոն դրամը բազմազավակ Շուշան Դոյդոյանի համար գլխացավանք էր դարձել:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարը Կենտրոն համայնքի սոցիալական ապահովության ծառայության գրասենյակ էր գնացել՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ձեռքին, բայց պետի քարտուղարուհին առանց ուսումնասիրելու մերժել էր դրանք ընդունել: Անակնկալի եկած Շուշանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Կենտրոնի Սոցապ ծառայության պետի քարտուղարուհին ինձ վերջնականապես համոզեց, որ այս ոլորտի բոլոր ռեֆորմները, կոռուպցիայի դեմ պայքարը լրիվ անօգուտ են, բայց Ես կաշառք չեմ վճարելու»:

«Մինչև հոգուս խորքը վիրավորված եմ դուրս եկել և առաջին անգամ նման խնդրի բախվեցի, երբ քարտուղարուհու կողմից պահանջ է դրվում ներկայացնել փաստաթղթեր, որոնք մինչ այդ ես չէի կարդացել օրենքի մեջ և իմ բոլոր պահանջները, որպեսզի հիմնավորի, թե ինչի համար պետք է ներկայացնեմ, օրինակ, մյուս բալիկների անձնագրերը, որևէ հիմնավորում այդպես էլ ես չստացա: Դա վերածվեց վիճաբանության․․․», - «Ազատության»-ը պատմեց Շուշան Դոյդոյանը:

Զրուցակիցս, որպես «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար է ասում՝ պետական գրասենյակի պատերին պետք է փակցված լիներ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ցանկը: Մինչդեռ դրանց բացակայությունն օգտագործելով՝ սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները մոլորեցնում են քաղաքացիներին՝ պահանջելով օրենքով չնախատեսված փաստաթղթեր:

«Ճիշտ է, եթե փաստաթղթերը ստուգվեն, և պարզվի, որ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերը, էդ ժամանակ ծնողը պարտավոր է ներկայացնել, իհարկե, բայց առանց իմ փաստաթղթերը ստուգելու, ծննդյան վկայականները նայելով՝ միանգամից ասում է՝ վերջ, կիսատ եք ներակայցրել փաստաթղթերը, չեմ կարող ընդունել ձեր դիմումը: Կոռուպցիոն ռիսկերը էստեղ շատ մեծ են՝ ինչի պիտի դու գնաս, ու էդ ցանկը անհրաժեշտ փաստաթղթերի միայն քարտուղարուհու ուղեղի մեջ լինի: Էդ ցանկերը պետք է փակցված լինեն բնակության վայրերում, որպեսզի որևէ կամայական մեկնաբանություն էդ ցանկերի որևէ աշխատակցի կողմից չլինի», - ընդգծեց Դոյդոյանը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը, մինչդեռ պնդում է, որ իրենց պետի քարտուղարուհին ուսումնասիրելուց հետո է մերժել բազմազավակ մոր դիմումը, բայց խոստանում է, որ աշխատակցուհու վարքը դեռ կուսումնասիրեն:

«Շուշան Դոյդոյանը տեղեկացված չի եղել, որ պետք է ներկայացնել նաև տեղեկանք՝ սոցիալական աջակցության հաշվի մասին, որի փոխարեն ինքը ներկայացրել է բջջային հեռախոսում առկա ինչ-որ բանկային հաշվի մասին տեղեկատվություն: Ծառայությունը պահանջել է բացատրագիր տվյալ աշխատակցից տվյալ դեպքի վերաբերյալ, որը կուսումնասիրվի ու համապատասխան ընթացք կտրվի: Անհրաժեշտության դեպքում ծառայողական կարգապահական տույժի կենթարկվի», - փոխանցեց Արամայիս Շահբեկյանը:

Մեկ անգամ արդեն մերժված դիմումը, սակայն, նույն աշխատակցուհին սիրով ընդունել է, երբ Դոյդոյանն արդեն կենտրոն է այցելել Արամայիս Շահբեկյանի ուղեկցությամբ: Մինչդեռ բազմազավակ այլ ծնողներ, ովքեր այդ հնարավորությունը չեն ունեցել, ստիպված են բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնել: 2 երեխաների հայր Համազասպ Դանիելյանը իր երեխային տրվող գումարը ստացել է երեք ամիս պայքարելուց հետո միայն:

«Տարբեր դրվագներ կան՝ սկսած նրանից, որ աշխատողը ինքը շրջիկ է, և շատ դժվար է իմանալ թե ինքը երբ է տեղում, երկրորդը՝ ինչ-որ լրացուցիչ փաստաթղթերի ցանկ են ուզում, որը հաճախ չեն բացատրում թե որը ինչ ծագում ունի, որտեղից պետք է ստանալ: Մի խոսքով, բավականին բարդացված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համազասպ Դանիելյանը:

Ներկայանալ չցանկացող,3 երեխաների այս հայրն էլ արդեն մեկ տարի է, ինչ չի կարողանում ամբողջությամբ ստանալ իր երկվորյակներին հասանելիք 2 միլիոն դրամը:

«Գումարը հարկավոր է հիմա այնքանով, որքանով վարկ էի ուզում վերցնել վերանորոգման համար , դրանով փակեի: Ես ունեմ տուն՝ կիսակառույց, վերանորոգման կարիք ունի, որ ես տեղափոխվեմ այդտեղ իմ երեխաների հետ: Հիմա էդ պատճառով վարձով եմ ապրում, չեմ կարողանում գումարից օգտվեմ, որ իմ տունը սարքեմ», - ասաց բազմազավակ հայրը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Դոյդոյանը պնդում է՝ համակարգում արդեն մեկ անգամ գրանցված ծնողները պարտավոր չեն յուրաքանչյուր նոր երեխայի համար թղթապանակ հավաքել ու դռներ ծեծել: «Ազատության» հետ զրույցում տասնյակ ծնողները պնդում էին, որ հենց այդ քաշքշուկից խուսափելու համար հրաժարվել են պետության կողմից տրամադրվող օգնությունից: Դեռ երկու տարի առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ նախարարությունն ամեն ինչ անում է խնդիրը շտկելու համար: Այս անգամ նախարարը խնդրի վերաբերյալ մեր հարցերին խուսափեց պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG