Մատչելիության հղումներ

Սերգեյ Դանիլոչկին․ «Իսլամական պետություն»-ը հենց այնպես չհայտնվեց»


Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման և գործունեության, դրա դեմ միջազգային հանրության պայքարի հեռանկարների մասին է զրույցը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 17-ի թողարկման բացառիկ հյուրի՝ «Ազատություն» ռադիոկայանի Իրաքի ծառայության տնօրեն Սերգեյ Դանիլոչկինի հետ․

Հարց․ - Բարև Ձեզ, Սերգեյ։ Մենք հաճախ կարդում, լսում ենք այսպես ասած ԻԼԻՊ-ի՝ «Իսլամական պետության» մասին, բայց հայ հեռուստադիտողի հետ հազվադեպ ենք խոսում այդ կազմակերպության մասին։ Ի՞նչ է դա, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ահաբեկչական խմբավորումը, ինչպե՞ս եղավ, որ այն հայտնվեց արաբական աշխարհում։

Սերգեյ Դանիլոչկին․ - Այո, նրանք հենց այնպես չհայտնվեցին։ Դա բոլորին հայտնի «Ալ-Ղաիդա»-ի զարգացման հաջորդ աստիճանն է։ Ես մոտավորապես այսպես կպատկերավորեի, որ եթե «Ալ-Ղաիդա»-ն հիմքն էր կամ ֆունդամենտը, ապա այժմ դրա վրա սկսել են պատեր կամ շինություն կառուցել։ Դա հենց հանդիսանում է այդ ԻԼԻՊ կոչվող շարժումը, որը կարելի է ապակոդավորել որպես «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»։ Լևանտը պատմական տերմին է, որը ներառում է աշխարհագրական լայն տարածք, շատ ավելի լայն, քան Լիբանանն է։ Լիբանանը առանձին պետություն է, որը մտնում է Լևանտի տարածքի մեջ, դրա մեջ մտնում է նաև Սիրիան և սահմանակից պետությունների տարածքների մի մասը։ Այդ խմբավորումը հիմնվում է վահաբիստական կրոնական գաղափարախոսության վրա, որը իսլամի բավական խիստ ուղղվածություն է։ Մյուս կողմից՝ ԻԼԻՊ-ն ունի քաղաքական աստառ, որը ենթադրում է արաբական խալիֆայության վերստեղծումը։ Խոսքը վերաբերում է բավական հնադարյա, պատմական իրողությունների։

Ես նույնիսկ քարտեզ եմ տեսել, չգիտեմ ով է այն ստեղծել, բայց դրա մեջ մտնում են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը։ Նույնիսկ Թուրքիան դրա մեջ է մտնում։

Առայժմ այդ խալիֆայությունը ստեղծողների տեսահորիզոնը հերիքում է այդքանի համար, և դրա արդյունքում այդպիսի՛ քարտեզ է հայտնվել։ Որքան հասկանում եմ, այս պահին նրանք բավարարված են իրենց ձեռք բերածով, սակայն ապագայում շատ ավելի հեռահար նպատակներ են հետապնդում։ Դա տիպիկ կայսրություն է։

Հարց․ - Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում կարծիք կա, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ամերիկացիների կողմից։ Իհարկե, ոչ թե անմիջականորեն, ծրագրված կերպով, բայց ասում են, որ դա տեղի ունեցավ Իրաքում ամերիկյան օկուպացիոն ուժերի գործողությունների հետևանքով։

Սերգեյ Դանիլոչկին․ - Այստեղ կարևոր է շեշտել, որ պետք չէ պատճառը շփոթել հետևանքի հետ։ Գոյություն ունի այդ կազմակերպության ստեղծման որոշակի կրոնական և գաղափարախոսական հենք, և այդ կազմակերպությանը հաջողվեց գրավել և վերահսկողություն սահմանել որոշակի տարածքների նկատմամբ, քանի որ նրանց նման հնարավորություն ընձեռվեց։ Այլ կերպ ասած, ընթանում էին այլ գործընթացներ, որոնք նրանց թույլ տվեցին հաղթանակ տանել։

Եթե որպես օրինակ վերցնենք Սիրիան, որտեղ ԻԼԻՊ-ի իշխանությունը այլ տարածքների համեմատ առավել կայուն է, օրինակ՝ Ռաքքա գավառում, ապա այստեղ սիրիական ընդդիմությունը պայքարի մեջ էր մտել սիրիական ռեժիմի դեմ, և այդ ժամանակ հայտնվեց այս խմբավորումը, որը սկսեց պայքար մղել բոլորի դեմ։ Նրանց հաջողվեց իրենց ազդեցության ոլորտը սահմանել, իսկ սիրիական ընդդիմությունը այդ ընթացքում շարունակում է պայքարել ռեժիմի դեմ։ Եվ նրանք պարբերաբար ԻԼԻՊ-ը ընկալում են որպես իրենց դաշնակից, որը թույլ է տալիս պայքարել ռեժիմի դեմ, իսկ երբ այլ ճակատներում ռեժիմի դեմ պայքար չի մղվում, ընդդիմությունը շատ բան չի կարող անել ԻԼԻՊ-ի դեմ։

Մյուս կողմից, եթե դիտարկենք Իրաքը, երբ արևմտյան կոալիցիան ներխուժեց այս երկիր և տապալեց գործող ռեժիմը, այն ժամանակվա Իրաքի կառավարիչները շատ կարճ ծրագիր ունեին՝ նրանք մտադիր էին հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանությունը փոխանցել իրաքցիներին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան ինքնուրույն ղեկավարել երկիրը։ Դա տեղի չունեցավ։

Հարց․ - Այժմ վտանգ կա, որ այն կարող է տարածվել նաև մեր երկրներում՝ Հարավային Կովկասում, Հյուսիսային Կովկասում, վերջին հաշվով՝ Ռուսաստանում։ Մեր տեղացի վերլուծաբանները մտահոգություններ ունեն, որ այդ գաղափարախոսությունը կարող է ներթափանցել Ադրբեջան, և դա ինչ-որ կերպ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, ինչը բացասական ազդեցություն կունենա հայկական կողմի վրա։ Կա՞ այդպիսի հնարավորություն, ԻԼԻՊ-ն իսկապե՞ս այդպիսի գրավիչ գաղափարախոսություն է, որը ավելի ու ավելի շատ մարդու է ներքաշում։

Սերգեյ Դանիլոչկին․ - Այո՛։ Որովհետև ինչպե՞ս է իրականացվում նոր անդամների հավաքագրումը՝ մենք տեսնում ենք, որ որոշակի պարարտ հող նախապատրաստված է այդտեղ, և այն մարդիկ, ովքեր ավելի խիզախ են, գնում են իրենց ջիհադը վարելու...

Հարց․ - Կան նույնիսկ դեպքեր, երբ նրանց քրիստոնյաներ են միանում...

Սերգեյ Դանիլոչկին․ - Այո, բայց դա արդեն ակնհայտորեն կրոնական դրդապատճառներով չի պայմանավորված։ Եթե այդ մարդիկ դավանափոխ չեն եղել, ապա գործ ունենք ակնհայտ քաղաքական կամ սոցիալական համոզմունքների հետ։ Այդ մարդիկ հիասթափված են իրենց շրջապատող աշխարհի սոցիալ-քաղաքական մոդելից և համարում են, որ այն բարեփոխել հնարավոր չէ, հարկավոր է դրա դեմ պայքարել և ոչնչացնել։ Եվ ուրեմն, այն մարդիկ, ովքեր ավելի խիզախ են ու մոբիլ և ում կարիքն այդ կազմակերպությունը զգում է, նրանք տեղափոխվել են պատերազմական գործողությունների կիզակետ, իսկ նրանք, ովքեր շարունակում են կազմակերպության որոշակի վստահությունը վայելել, մնացել են իրենց տեղերում։ Արդյունքում՝ Իրաքում և Սիրայում գոյություն ունեն այսպես կոչված «քնած օղակներ», որոնք առայժմ ննջում են, բայց երբ դրա անհրաժեշտությունն առաջանա՝ նրանք կակտիվանան։

Հարց․ - Իսկ ի՞նչ կասեք Կենտրոնական Ասիայի, Կովկասի մասին։ ԻԼԻՊ-ը փաստորեն իր գործակալներին ուղարկում է այնտե՞ղ։ Մենք գիտենք, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեծ թվով մարտիկներ են մեկնում պատերազմական գործողությունների թատերաբեմ, մասնակցում այդ ջիհադներին, այնպես չէ՞։

Սերգեյ Դանիլոչկին․ - Այո, լիովին։ Այդ մասին հայտնի է և որոշակի վիճակագրություն կա։

Հարց․ - Եվ նաև Ադրբեջանից են գնում, Վրաստանից․․․

Սերգեյ Դանիլոչկին․ - Ադրբեջանում որոշակի խնդիր կա, որովհետև այնտեղ բնակչության զգալի մասը շիա մահմեդականներ են, որոնք համարվում են ԻԼԻՊ-ի գաղափարական թշնամիներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ որոշակի պահի կոնկրետ անձանց գաղափարները չեն կարող չհամընկնել այդ քաղաքական և կրոնական գաղափարախոսության հետ։ Ինչ վերաբերում է բուն հարցին՝ Կենտրոնական Ասիայից իսկապես շատերն են մեկնում, դա կատարվում է Ռուսաստանի տարածքով։ Ինչու Ռուսաստանով՝ որովհետև, նախ, վերահսկողությունը թույլ է, և երկրորդ՝ նրանցից շատերը նախկին միգրանտներ են, որոնք եկել են Ռուսաստան, հիասթափվել իրենց կյանքից այդտեղ։ Եվ պետք է նշել, որ Ռուսաստանում նրանց կյանքը ո՛չ հոգևոր առումով, ո՛չ էլ անգամ նյութական առումով հարուստ չի եղել, և որևէ զարմանալի բան չկա նրանում, որ այդ մարդիկ այժմ երրորդ ճանապարհն են փնտրում։

Հարց․ - Մեր այս խոսակցությունն ավարտելով՝ ես կցանկանայի հարցնել, թե ի՞նչ հեռանկարներ կան, կկարողանա՞ արդյոք միջազգային հանրությունը՝ արևմտյան երկրները և Ռուսաստանը, ինչ-որ բան անել, կասեցնել այդ շարժումը։ Եվ մեկ այլ հարց՝ կարծիք կա, որ ԻԼԻՊ-ի ենթակառուցվածքներն ապահովվել են թուրքական կողմից, շատերը համարում են, որ Թուրքիան աջակցում է այդ շարժմանը, նման բան կա՞։

Սերգեյ Դանիլոչկին․ - Ցավոք, ես չեմ կարող դավադրությունների տեսության ոլորտում գտնվող այդ հարցին պատասխանել՝ պնդելով, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի հիմնադիրներից մեկն է։ Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ այդ երկրի տարածքով միգրացիայի հոսք է անցնում։ Այդ իրավիճակում ամբողջ հարցն այն է, թե ինչպես են Թուրքիայի իշխանություններն արձագանքում զարգացումներին։ Ակնհայտ է, որ նրանք որոշակի քայլեր ձեռնարկում են, բայց դրանք բավարար չեն, սա նույնպես ակնհայտ է՝ պարզապես ելնելով ձեռքի տակ եղած տվյալներից։ Թուրքիան նույնպես բարդ իրավիճակում է հայտնվել, որովհետև այդ երկիրը Սիրիայում քաղաքական մակարդակում հակամարտության մեջ է Բաշար Ասադի հետ, և շատերը ռազմի դաշտում ԻԼԻՊ-ի տարած հաղթանակները կապում են Թուրքիայի աջակցության հետ։ Սակայն Թուրքիան համագործակցում է Սիրիական ազատ բանակի հետ, այսինքն՝ Սիրիայի լիովին աշխարհիկ քաղաքական և ռազմական ընդդիմության հետ։ Եվ թե ինչպես է այդ շրջանակներում տեղավորվում ԻԼԻՊ-ի հետ համագործակցությունը, դա բոլորովին այլ խնդիր է։ Արդյոք այնտեղ եղել են քաղաքական կամ այլ սխալներ՝ դա արդեն ուրիշ հարց է, որը ուսումնասիրություններ է պահանջում։ Բայց ակնհայտ է, որ այն միջոցառումները, որոնք Թուրքիան ձեռնարկել է ԻԼԻՊ-ի դեմ կամ կարող էր ձեռնարկած լինել, բավարար չեն։

Մյուս կողմից, եթե հարցը ավելի լայնորեն դիտարկենք՝ ի՞նչ կարող է Արևմուտքը, կամ աշխարհը ձեռնարկել ԻԼԻՊ-ի դեմ։ Նախ՝ արդյո՞ք աշխարհն ընտրություն ունի՝ ձեռնարկել, թե չձեռնարկել որոշակի քայլեր այս իրավիճակում, երբ ակնհայտորեն այդ աշխարհը ընտրության առջև է կանգնել՝ կա՛մ հրաժարվում եք ձեր արժեքներից և ընդունում եք մերը, կա՛մ մենք ձեր դեմ պայքար կմղենք․ այսինքն՝ ընտրությունը մեծ չէ։ Մյուս կողմից էլ, եթե մենք հարցնում ենք հեռանկարների մասին, ապա պետության դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան պարտիզանների։ Այդ մասին գիտի ցանկացած զինվորական։ Այնպես որ, լիովին հնարավոր է, չի բացառվում, որ ռազմական միջոցներով հնարավոր է ջախջախել ԻԼԻՊ-ը։ Սակայն արդյո՞ք հնարավոր է ջախջախել գաղափարախոսությունը՝ թերևս միայն դրա բոլոր կրողներին ոչնչացնելով։ Այլ կերպ ասած, անհրաժեշտ է որոշակի դոկտրին մշակել, որը կարելի է ներկայացնել այդ մարդկանց, որպեսզի նրանք վերանայեն իրենց հայացքները։ Եվ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, մշակվում է նման դոկտրին, բազմաթիվ ջանքեր են գործադրվում բոլոր կողմերից՝ փորձելով խորամուխ լինել խնդրի էության մեջ։

Կա ևս մեկ «դավադրության տեսություն»՝ արաբական երկրների, Պարսից ծոցի երկրների պատասխանատվության մասին։ Այս տեսությունը շրջանառվում է արաբների մեջ, և համարում են, որ որոշ երկրներ գաղափարախոսական աջակցություն են ցուցաբերել ԻԼԻՊ-ին, մյուսները՝ ֆինանսական։ Ընդ որում, որևէ մեկին կոնկրետ չեն մատնանշում, բայց կոնկրետ նկատի ունեն Սաուդյան Արաբիան։ Սակայն Սաուդյան Արաբիայի պաշտոնական դիրքորոշումը հայտարարվել է՝ այդ երկիրը ԻԼԻՊ-ին դեմ է, և դա հասկանալի է, քանի որ ԻԼԻՊ-ը սպառնում է Սաուդյան Արաբիայի պետական կարգին։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG