Մատչելիության հղումներ

ԵԺԿ ԵԿ-ն ընդունել է ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև


ԵԺԿ-ի լոգոն

ԵԺԿ-ի լոգոն

Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ, EPP) երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթում, մասնավորապես, ասված է. - «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։

Ըստ նույն աղբյուրի՝ YEPP 10-րդ համագումարին մասնակցել են 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության պատվիրակները։

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի վկայությամբ՝ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն, ընդ որում՝ կողմ են քվեարկել նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։

ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1․6 միլիոն երիտասարդների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG