Մատչելիության հղումներ

Տեղական հանրաքվեներ՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում


Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում, արխիվ

Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում, արխիվ

Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում այսօր հանրաքվե անցկացվեց՝ յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով։

Ընդ որում, հանրաքվեի արդյունքը պարտադիր չէր որոշում ընդունելու համար։ Կառավարությունը մտադիր էր գնալ համայնքների խոշորացման՝ անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տեղեկատվության համաձայն Լոռու մարզում Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները Թումանյանի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 68 տոկոսը կամ 1007 մարդ։

Տավուշի մարզում Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները Դիլիջանի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 70 տոկոսը կամ 1412 մարդ։

Սյունիքում Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները Տաթևի համայնք անվանմամբ միավորելու օգտին կողմ է արտահայտվել քվեարկողների 94 տոկոսը կամ 2668 մարդ։

«Ազատություն» ռադիոկայանն օրվա ընթացքում հետևել է հանրաքվեի ընթացքին Լոռու մարզում։ Այստեղ քվեարկության մասնակիցների ակտիվությունը բավական ցածր էր, ԿԸՀ տվյալներով քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 1995 ընտրողներից ընդամենը 749-ը՝ կամ ընտրողների 38 տոկոսը։

Ակտիվությունն ավելի մեծ էր Թումանյան քաղաքում, որի բնակիչները մեզ հետ զրույցներում ասում էին, որ կողմ են համայնքների միավորմանը, քանի որ դրա արդյունքում Թումանյանը կդառնա այդ համայնքների կենտրոնը։

Չնայած Թումանյանի քաղաքապետ Լևոն Զախարյանը, հանձնաժողովի անդամ չհանդիսանալով, ակտիվորեն ներգրավված էր ընտրությունների կազմակերպման գործում։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ քանի որ Հանրապետական կուսակցությունը ողջունում այս ծրագիրը, ինքն էլ փորձում է աջակցել, իր ընտրողներին, քաղաքացիներին բացատրել է համայնքների խոշորացման առավելությունները և այժմ էլ օգնում է մեքենաներով քաղաքացիներին ընտրատեղամասեր հասցնելու հարցում, քանի որ եղանակը անձրևային էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG