Մատչելիության հղումներ

Դատարանի որոշմամբ «Իրավունքը» պետք է ներողություն խնդրի «սև ցուցակի» համար


Դատարանի որոշմամբ «Իրավունքը» պետք է ներողություն խնդրի «սև ցուցակի» համար
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

Աղմկահարույց հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանը սպառնում է ցուցակում ավելացնել նաև դատավորի անունը և նկարը:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթը դատարանի որոշմամբ պետք է 250 հազարական դրամ վճարի «Նոր սերունդ» մարդասիրական կազմակերպության երեք անդամների՝ նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։

Անցած տարի «Իրավունք»-ը պետության թշնամիների ցուցակ էր հրապարակել ու հորդորել ընթերցողներին նրանց չբարևել, որևէ հարցում չօգնել, աշխատանքի չվերցնել կամ հարմար պատրվակով հեռացնել պետական ծառայությունից: Այժմ դատարանի որոշմամբ «Իրավունքը» պարտավոր է ոչ միայն բարոյական փոխհատուցում տրամադրել, այլև ներողություն խնդրել ցուցակում ընդգրկված երեք երիտասարդներից։

«Իրականում, եթե ասեմ անկեղծ՝ մեզ այս պարագայում գումարը այդքան էլ չի հուզում: Դա պարզապես բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մի մաս էր կազմում: Ավելի շատ մեր պահանջը խտրականության և ատելության կոչերի հրահրումն է», - ասում է դատը շահած երիտասարդներից մեկը՝ Արամ Սահակյանը: Նրա համար դատարանի որոշումն անսպասելի էր, բայց տրամաբանական։

«Իրավունքի» խմբագիր, աղմկահարույց հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանը առաջին ատյանի դատարանի հետ համաձայն չէ, պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան: Գալաջյանը վստահ է՝ դատարանը խոսքի ազատության դեմ որոշում է կայացրել։

«Հովհաննես Գալաջյանը սրանցից ներողություն խնդրի․․․ գոնե տեսականորեն հնարավո՞ր է պատկերացնել դա: Ամեն մի խոսք որը հրապարակվել է, ես, բնականաբար, պնդում եմ ու իմ կարծիքը չի փոխվել այդ 60 հոգու վերաբերյալ», - ասում է «Իրավունքի» խմբագիրը:

Ավելին՝ Գալաջյանը սպառնում է նույն հոդվածը մեկ անգամ էլ հրապարակել, ու 60 քաղաքացիների կողքին ավելացնել նաև «Իրավունք» թերթի դեմ որոշում կայացրած դատավորի անունն ու լուսանկարը։

«Այդ դատավոր Մելքումյանին ես անզոր եմ փրկել երեկվանից իր ճակատին դրոշմված «համասեռամոլների պաշտպան» պիտակից», - ասում է նա:

Ի դեպ, «Իրավունքի» դեմ ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել նաև թերթի սև ցուցակում ընդգրկված լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը՝ 15 այլ համախոհների հետ։ Թեև խոսքը նույն թերթի և նույն ցուցակի մասին է, սակայն հայց ներկայացրած ակտիվիստների դեպքում դատարանը հայցը չէր բավարարել, ավելին՝ որոշել էր հենց նրանցից 300 հազար դրամ բռնագանձել «Իրավունքի» և հոդվածագրի փաստաբանի ծախսերը փոխհատուցելու համար:

«Մեր նկատմամբ իրականացված իրավական ակտը, որը ես համարում եմ, որ ապօրինի ակտ է, ես գնահատում եմ որպես քաղաքական հաշվեհարդար քաղաքացիական ակտիվիստների դեմ, որոնք անընդհատ պայքարում են այս ռեժիմի դեմ և անընդհատ իրենց ազատությունների իրացման և մարդու իրավունքների տեսակետից են հանդես գալիս», - ասում է Առուստամյանը:

Գայանե Առուստամյանն ու նրա համախոհները արդեն մեկ անգամ բողոքարկել են գործը Վերաքննիչ դատարանում և կրկին պարտվել։ Այժմ ակտիվիստները սպասում են Վճռաբեկ դատարանի որոշմանը։ Լրագրող Գայանե Առուստամյանը շարունակում է պնդել՝ թերթը պարտավոր է ներողություն խնդրել իր հոդվածում «37 թվի մեթոդներով» ցուցակագրված բոլոր 6 տասնյակ քաղաքացիներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG