Մատչելիության հղումներ

Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել Վճռաբեկ դատարանի որոշման դեմ


Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատական նիստ, 2-ը փետրվարի, 2015թ․

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատական նիստ, 2-ը փետրվարի, 2015թ․

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը արդեն երրորդ օրն է՝ անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

Վճռաբեկ դատարանը երեքշաբթի օրը մերժեց Շանթ Հարությունյանի և գործով անցնող 12 համախոհների հայցը՝ անփոփոխ թողնելով նոյեմբերի 5-ին «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի ու նրա համախոհների համար սահմանված պատժաչափերը:

Հացադուլ հայտարարած կալանավորի եղբայրը՝ Աշոտ Պետրոսյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Լիպարիտն իրեն դեռ լավ է զգում, բայց առողջական այնպիսի խնդիրներ ունի, որոնց դեպքում հացադուլը հակացուցված է։ Աշոտ Պետրոսյանը փորձել է համոզել եղբորը, որ հրաժարվի պայքարի այս ծայրահեղ միջոցից:

«Ինքը պնդեց, ասաց, որ՝ ես պայքարող մարդ եմ ու կուզենամ, որ մինչև վերջ ձայնս տեղ հասնի ու բողոքի միակ ճանապարհը դա է։ Երեք օր է անցել, ամեն վայրկյան վիճակը կարող է փոխվել, որովհետև լուրջ խնդիրներ ունի՝ և՛ շաքարային դիաբետը, և՛ էլի խնդիրներ կան, որ չեմ ուզենա բարձրաձայնել», - պատմեց Աշոտ Պետրոսյանը:

Նա նշեց, որ կլանավայրում հացադուլ անող եղբորը բժիշկներ դեռ չեն այցելել։

Նույն գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված և շուրջ 10 օր առաջ ազատ արձակված Սևակ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրավապահ մարմիններն իրեն արգելում են ընկերներին այցելել։

«Ես գիտեմ, որ մեր տղերքը այն տղաներից չեն, որ անեն ուղղակի անելու համար։ Իրանք անում են մինչև վերջ: Ա՛յ դրանից եմ ես վախենում՝ չեն անում ձևական հացադուլ 5 օր, 4-րդ օրը՝ չգիտեմ ինչ։ Եթե այդ մարդիկ մի քիչ իրենց մասին մտածեին, իրենց առողջության ու կյանքի, բարեկեցության, հարմարությունների մասին մտածեին, իրենցից ոչ մեկը բերդում չէր լինի», - ասաց Մնացականյանը:

Նա ընկերներին քաղաքական բանտարկյալներ է համարում և պնդում է, որ չնայած Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ իրենք պայքարելու են նրանց շուտափույթ ազատ արձակելու համար: - «Ուղղակի չեմ ուզում այդ մասին խոսքով ասեմ ու անցնեմ առաջ։ Պետք է գործով հստակ քայլեր անել», - հավելեց նա:

Արդեն շուրջ երկու տարի ճաղերի հետևում գտնվող Շանթ Հարությունյանն ու ընկերները դատապարտվել են մինչև 7 տարվա ազատազրկման՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Նրանք սպառել են հայաստանյան ատյաններում դատավճիռը բողոքարկելու բոլոր հնարավորությունները և պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան։

XS
SM
MD
LG