Մատչելիության հղումներ

Գորիսի գործով տուժողը ցուցմունք է տվել իրեն վնասվածքներ պատճառելու հանգամանքների մասին


Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ գորիսյան հայտնի ծեծկռտուքի գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ անձանց, մայիսի 14-15-ին լրացուցիչ հարցաքննվել է Մուշեղ Զաքարյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

«Վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական բժշկական տեղեկանքի համաձայն՝ Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ։ Զաքարյանը ճանաչվել է տուժող և մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Նախաքննական մարմինը շարունակում է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, նաև հավաստիացնում է Քննչական կոմիտեն. - «Տուժող ճանաչված երկու անձանց՝ Զաքարյան եղբայրներին պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում»։

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ։ Թեև որոշում կա այս գործով նրան բերման ենթարկել, սակայն Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ «այս ծեծկռտուքի հետ առնչություն ունեցող անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից»։

Տիգրան Խաչատրյանը գործով որպես վկա է անցնում: Մայիսի 13-ին Սյունիքի մարզպետը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իր որդին «Հայաստանը չի լքել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG