Մատչելիության հղումներ

Նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ. Նալբանդյան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Բրատիսլավայում մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

Հանդիպմանը նաև ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Գժեգոժ Սխետինան:

ՀՀ արտգործնախարարն իր ելույթում ասել է՝ Հայաստանը ողջունում է Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերանայելու՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը. - «Արևելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։ Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակելու ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն ԵՄ հետ»:

«Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ-ի հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին: Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք` մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը` նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները»,- ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը 2013թ.-ից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար.- «Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան - ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, և մենք հուսով ենք, որ մենք որքան հնարավոր է շուտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG