Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ․ «Անուններ չեմ կարող նշել»


Փոխարենը լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները՝ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների կամ ունեցվածքի մասին, որոնք գրանցված են նրանց ընտանիքի անդամների կամ ազգականների անուններով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումասիրող հանձնաժողովի նախագահն այսօր չկարողացավ նշել գեթ մեկ պաշտոնյայի անուն, ում հետ կապված պարզել են՝ անցած տարիներին եկամուտ է ստացել պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է գրեթե երեքուկես տարի առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: 2012 թվականի հունվարին, հանդիպելով հանձնաժողովի նորանշանակ անդամներին, Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ նոր կառույցի պարտականությունն է բարձրաստիճան պաշտոնյանների «շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը և կոնկրետ տեղեկատվության հրապարակումը»:

Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները՝ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների կամ ունեցվածքի մասին, որոնք գրանցված են նրանց ընտանիքի անդամների կամ ազգականների անուններով: Դրանց մի մասի վերաբերյալ հանձնաժողովն անգամ ուսումնասիրություններ է կատարել, սակայն նախորդ երեքուկես տարիների ընթացքում որևէ դեպք չի եղել, երբ հայտարարվի, որ պարզել են՝ տվյալ բարձրաստիճան պաշտոնյան հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը, կամ ներկայացրել է կեղծ հայտարարագիր:

«Ազատության» հարցին՝ մի՞գուցե բացահայտված որևէ դեպք կա, սակայն մենք չե՞նք հիշում, հարկատուների հաշվին ամսական մոտ 700 հազար դրամ աշխատավարձ ստացող հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. - «Մենք վերլուծություններ կատարել ենք և մի քանի ռիսկերի հիման վրա խնդիրներ դուրս ենք բերել։ Անուններ չեմ կարող նշել, որովհետև դրանք ընդհանուր բնույթի են։ Խնդիրների ձևով կարող եմ արձանագրել, որ համատեղ աշխատանքի խնդիրներ են վերլուծությունների արդյունքում դուրս բերվել, երբ պաշտոնատար անձն աշխատում է իր ենթակայությամբ աշխատող մերձավոր-ազգականի հետ, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի արգելքի խախտում է, կամ նվիրատվությունների դեպքեր ենք բացահայտել, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում»։

Սահակյանին հիշեցրինք՝ Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն, բարձրաստիճան պաշտոնյան 2014 թվականի ընթացքում 600 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել հանրությանն անհայտ մարդկանցից։ Հարցին, թե սա ռիսկայի՞ն է, Սահակյանը պատասխանեց. - «Կարելի է այդտեղ ռիսկեր տեսնել, բայց դա հետագա քննություն ենթադրող գործընթաց է, որը չի գտնվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակում»։

Այսօր Սիրանուշ Սահակյանը համագործակցության հուշագիր կնքեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, որը պետք է հնարավորություն տա հանձնաժողովին օգտվել նախարարությունում գործող անհատական տվյալների տեղեկատվական բազաներից:

Հարցին, թե ինչպես կգնահատի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, եթե տարիների գործունեության արդյուքնում հանձնաժողովի նախագահը չի տալիս գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով եկամուտ է ստացել իր պաշտոնի չարաշահման միջոցով, կամ խախտել է էթիկայի կանոնները, նախարարը պատասխանեց. - «Ձեր այս հարցն ինձ հիշեցրեց քրեադատավարական մի կարևոր ինստիտուտ, որը կոչվում է առերես հարցաքննություն։ Եկեք էթիկայի սահմանագծի վրա գտնվող այս հարցին ես չպատասխանեմ։ Ես նաև հասկանում եմ ձեր մտահոգությունն այս խնդրի վերաբերյալ և կիսում եմ այդ մտահոգությունը»։

Բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունների մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այսօր ասաց, որ նախորդ տարիներին հանձնաժողովը բացարձակ ոչինչ չի արել՝ հայտարարագրերը ընդունելուց բացի։ Հիշեցնելով, որ նախկինում պաշտոնյաները այդ փաստաթղթերը ներկայացնում էին Պետկամուտների կոմիտե՝ հետաքննող լրագրողն ասաց՝ ընդամենը հայտարարագրեր հանձնելու համար հարկատուների հաշվին պետք չէր մի նոր կառույց ստեղծել:

«Հայաստանում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք անշարժ գույք ունեն արտերկրներում, դրանք շատ բարձր արժեքով գույքեր են՝ հյուրանոց, հանգստյան գոտիներ։ Որևէ պաշտոնյայի հավատարմագրման թերթիկի մեջ էդ մասին որևէ բան չկա », - ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG