Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պայքար է սկսում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ


Ընդդիմադիր քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե անընդունելի է, որ ռուսաստանյան ընկերության վերցրած վարկերի, վատ կառավարման և ունեցած կորուստների բեռը դրվում է շարքային սպառողի ուսերին։

Խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հավելեց․ - «Ընդ որում գողություն բառը ես արդեն հանգիստ եմ ասում, որովհետև բոլոր պաշտոնյաները և պատասխանատուները հենց իրենք այս տերմինը օգտագործում են: Ասյտեղ ձեզ խորհուրդ պիտի տամ մի հարց տալ այդ նույն մարդկանց՝ եթե գողություն բառը ասում եք, հայտ ներկայացնո՞ւմ եք դատախազություն»:

Խմբակցության մասնագետները հաշվարկել են՝ ռուսաստանյան ընկերության հայտը բավարարելու և էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու դեպքում, այդ գումարի փոքր մասը տրվելու է արտադրողներին, իսկ առյուծի բաժինը՝ 15 դրամը մնալու է ՀԷՑ-ին:

«Այս հաշվարկները ապացուցում են մի բան․ որ թանկացումը արվում է միայն մեկ նպատակով՝ փակել ՀԷՑ-ում հանցավոր ճանապարհով կուտակված 205 միլիոն դոլարի պարտքը», - նշեց Լևոն Զուրաբյանը: - «Նրանք կառուցել են մի ծրագիր, որի ամբողջ իմաստը այդ թալանի պահպանումն է: Ոչ թե թալանի հաղթահարումը, այլ թալանի պահպանումը»:

Պետությունը, նրա խոսքով, հերթական անգամ որոշել է ոչ թե բացահայտել չարաշահումների պատճառները, այլ «պահպանելով թալանը՝ ստիպել հանրությանը վճարել այդ չարաշահումների դիմաց»․ - «Բայց դա նաև նշանակում է, որ ապագայում մենք ունենալու ենք նոր պարտքերի կուտակում, և նորից անհրաժեշտություն թանկացնելու էլեկտրաէներգիան: Դա կարող է լինել մեկ տարի հետո, երկու տարի հետո․․․ կարևոր չէ: Կարևորը իշխանության ակնհայտ կոռուպցիոն մոտեցումն է այս հարցին»:

Ընդդիմադիր ուժը միաժամանակ փաստում է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում էլեկտրաէներգիքայի կորուստները միջինում կազմում են վեց, յոթ, առավելագույնը՝ ութ տոկոս, այնինչ Հայստանում դրանք 12 տոկոսի են հասնում՝ անգամ վարկեր վերցնելուց ու ներդրումներ անելուց հետո։

«Համեմատելու համար ձեզ ասեմ, որ մեկ տոկոս կորուստը 5 միլիարդ դրամ է», - նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա արտադրողներից հոսանքը գնելիս ամեն կիլովատտի վաճառքի դեպքում արդեն այսօր ավելացնում է 12 դրամ, իսկ թանկացումից հետո պատրաստվում են ավելացնել 21 դրամ․ - «Այսինքն այստեղ բաց թալան է, բաց գողություն: Ոչ թե տնտեսական հաշվարկ, ոչ թե չգիտեմ ինչ․․․ Քո մասնաբաժինը հավասար լինի արտադրողի գնին, դա աննորմալություն է․․․ Հարցերք ցանկացած էլեկտրիկի, նա ձեզ կպատմի գողության ողջ մեխանիզմը»:

Հնարավոր թանկացման դեմ պայքարելու համար ընդդիմադիր խմբակցությունը այսօրվանից ԱԺ-ում ստորագրություններ է հավաքում՝ արտահերթ նիստ հրավիրելու, ապա էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։ ՀԱԿ-ում ընդունում են, որ նույն նպատակով ավելի վաղ ստեղծված գազի հանձնաժողովը իրենց ակնկալած արդյունքը չտվեց, բայց այս կերպ ցանկանում են հացն ուշադրության կենտրոնում պահել:

«Սա կփորձենք: Չստացվի՝ ուրիշ քայլեր կփորձենք: Կարևորը այն է, որ գնալով այդ դիմադրության մթնոլորտը մենք կարողանանք Հայաստանում ստեղծել», - նշեց Լևոն Զուրաբյանը:

Այսօր ՀՅԴ-ից չհաջողվեց արձագանք ստանալ: «Ժառանգություն»-ը միայն երկուշաբթի կքննարկի՝ միանա՞լ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՞ ոչ: «Օրինաց երկիր»-ը կահված է միանալ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ում այլ ծրագրեր ունեն։

Խմբակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանն ասաց, որ թեև ինքը երկուշաբթի է լսելու այս հարցում խմբակցության դիրքորոշումը, բայց հակված է չմիանալ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը․ - «Բայց հաշվի առնելով այս տարիների ընթացքում Ազգային ժողովում ստեղծված բոլոր ժամանակավոր հանձնաժողովներ ոչ շատ մեծ արդյունավետությունը, ես չեմ կարծում, որ այս հանձնաժողովը կարող է ունենալ մեծ արդյունավետություն: Ես առավել նպատակահարման եմ գտնում, որ շատ օպերատիվ կերպով հենց առաջիկա օրերին մենք կազմակերպենք քննարկում»: «Բարգավաճ Հայաստան»-ը արդեն նախնական պայմանավորվածություն ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ՝ առաջիկա օրերին հրավիրել խմբակցություն»:

XS
SM
MD
LG