Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ընդունում է՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա դեռ չկա


ՀՀԿ-ն ընդունում է՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա դեռ չկա
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, վաղ է խոսել քաղաքական համախմբման մասին։

Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովի հետ նախատեսված հանդիպումից երեք օր առաջ, իշխող Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ընդունում է՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա դեռ չկա։

Թեև մասնագիտական հանձնաժողովը հայտարարում է, թե 14 կուսակցություններից առաջարկներ է ստացել, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է՝ վաղ է խոսել քաղաքական համախմբման մասին, որը կարևորել էր թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Առաջարկություն ներկայացնել, դեռ չի կարելի խոսել լայն կոնսոլիդացիայի մասին։ Ընդ որում կարող են լինել նաև այնտեղ հակասական կարծիքներ, չի նշանակում քննարկումների մասնակցել և գալ համաձայնվել այն բոլորի հետ, ինչը դրված է հայեցակարգում», - ասաց Բաղդասարյանը։

Առաջարկներ ներկայացրած 14 կուսակցություններից գերակշիռ մասը խորհդարանում ներկայացված չէ, վերջին համապետական ընտրություններին կամ չի մասնակցել, կամ մեկ տոկոսից ցածր ձայներ է ստացել։

Հանրապետականի ցուցակով Ազգային ժողով եկած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը մոտ 18 էջանոց առաջարկներ է ներկայացրել։ Նախկին վարչապետը համաձայն չէ ընդդիմության պնդումներին, թե առաջարկություններ հիմնականում ներկայացրել են քաղաքական լուսանցքում հայտնված կուսակցությունները բարեփոխումները լեգիտիմացնելու համար։

«Մենք գրել ենք, ըստ էության, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ։ Հիմա դուք կողմնորոշվեք՝ դրանք առաջարկություններ են, թե ձևեր էինք թափում», - ասաց Հարությունյանը։

Նա ևս համակարծիք է՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա դեռ չկա, այդուհանդերձ չի թաքցնում՝ իր ղեկավարած կուսակցությունը պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հավանությանն արժանացած հայեցակարգը, որը առաջարկում է անցում կատարել երկրի կառավարման խորհդարանական համակարգի։

«Խորհրդարանական, թե կիսանախագահական համակարգ, մենք էստեղ վեճ չունենք [սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով] հանձնաժողովի հետ։ Մենք էլ ենք գտնում, որ կիսանախագահական համակարգում, նախագահի ինստիտուտն օժտված է որոշակի երկվությամբ», - ասաց Հարությունյանը։

Առաջարկ ներկայացրած 14 կուսակցությունների թվում է նաև վերջերս կազմավորված «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը, որի նախագահ Անի Զախարյանն իր պաշտոնական «Քրիստոս TV» կոչվող կայքեջում հանդես է եկել ուղերձով։

«Եթե այսօրվա իշխանությունը գրեթե ամեն օր ոտնահարում է մեր իրավունքները, ապա ինչպե՞ս կարող է դառնալ մի նոր փաստաթղթի նախաձեռնող, որով, իբրև թե, պետք է ամրագրվեն մեր ոտնահարված իրավունքների վերականգնումը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա նույնպես աբսուրդի ժանրից է», - ասել է Զախարյանը։

Մասնագիտական հանձնաժողովին հինգ առաջարկ է ներկայացրել «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ)։ Անցած տարի ընդդիմադիր դաշտ անցած կուսակցությունը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց դեմ է նախագահի ինստիտուտի վերացմանը կամ լիազորությունների կրճատմանը։

Առաջարկություններ ներկայացրածների թվում են նաև Հանրապետականի ցուցակով խորհրդարան մտած Հայկ Բաբուխանյանի ղեկավարած «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ), և Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունը։

Խորհրդարանի երեք ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հրաժարվել են բովանդակային քննարկումների մասնակցել։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ պնդում է՝ խորհրդարանական բոլոր ուժերը պարտավոր են մասնակցել քննարկումներին։ Իշխող խմբակցության ղեկավարը լավատես է՝ մի օր բոլորն էլ նստելու են բանակցությունների սեղանի շուրջ։

«Քաղաքական ուժ կոչվածը, որ իր առաջ իր ապագան է տեսնում, նա առանց Սահմանադրության, ապագա չի կարող տեսնել, և քննարկումներից իրենց զերծ պահելը, ես այդքան էլ նորմալ և ճիշտ չեմ համարում», - ասաց Բաղդասարյանը։

Թեև առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 5-ն էր, Հանրապետականը հայտարարում է՝ առաջարկությունների համար դռները դեռ փակ չեն։

XS
SM
MD
LG