Մատչելիության հղումներ

Կառավարության շենքի մոտ գիշերած նաիրիտցիներին ոչ մի պաշտոնյա չի մոտեցել


«Նաիրիտի» աշխատակիցները, չնայած անձրևին ու ցրտին, գիշերն անցկանցրել են կառավարության շենքի մոտ՝ բաց երկնքի տակ։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով նրանց արգելվել էր վրաններ ու անձրևանոցներ օգտագործել։ Մի մասը անձրևից պատսպարվել է Կառավարության շենքի կամարների տակ, մյուսներն էլ մեքենաների մեջ։

«Էս ժողովուրդը սրան արժանի չի՝ 20, 30, 40 տարի թունավոր ցեխերում աշխատելուց հետո, շորը փռի նստի սառը գետնին ու ամբողջ գիշեր մնա տանջվելով, որ իր ձայնը հասնի կառավարությա՞նը: Մեծ մասը տարիքով մարդիկ են, վատառողջ են, անձրև, ցուրտ, շատ դժվար են անցկացրել գիշերը»,- ասում էր ցուցարարներից մեկը։

Երկու օրերի ընթացքում կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկը չի մոտեցել ցուցարարներին։

Այսօր նրանց հանդիպելու եկան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները։ Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ եկել է, սակայն նաիրիտցիներին հուզող հարցերի պատասխանները չունի, միայն զորակցություն կարող է հայտնել։

«Մենք բոլորս ուզում ենք իմանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ այդ գործարանի հետ, մեղավորներ կան, թե՝ չկան, մեղավորների մեղավորությունը քաղաքակա՞ն է, թե՝ քրեական։ Եթե նույնիսկ այսօր աշխատավարձերը ամբողջությամբ վճարեն, «Նաիրիտի» հետ կապված հարցերը դրանով չեն սպառվում»,- ասաց պատգամավորը։

Ցուցարարները հարցնում էին՝ եթե Միջպետական բանկում գրավադրված գույքը արգելանքից հանվելու է առաջիկա օրերին, ինչո՞ւ է նախարարը հայտարարում, թե աշխատավարձերը մինչև տարեվերջ են վճարվելու։ Պարզաբանումներ ստանալու համար Փաշինյանը զանգահարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։

«Ինքը ասում է՝ էնտեղ գրավադրված գույք կա, որը երբ հանենք գրավից, կան գույքեր, որոնք ըստ կառավարության վարկածի՝ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ չեն։ Հիմա ինքը ասում է, որ երկուշաբթի օրվանից սկսելու են վաճառել էդ գույքը, որից պետք է գումար գոյանա և դրանով պետք է ձեր պարտքը փակեն։ Նախարարն ասում է, որ ինքը հայտարարել է և վարչապետն էլ է պարտավորվել հայտարարել, որ մինչև տարվա վերջ գումարը փակեն, բայց ասում է՝ եթե հնարավոր եղավ, կարող է առաջիկա վաճառքներից անմիջապես հետո սկսենք վճարել»,- ասաց Փաշինյանը։

Նաիրիտցիները հիշեցրին, որ կառավարության կողմից նման խոստումներ բազմիցս են հնչել, սակայն չեն իրականացել։ Նրանք նաև տարակուսում էին՝ եթե գործարանը չի աշխատելու ինչո՞ւ են նոր փոխտնօրեն նշանակել։

«Նաիրիտի» աշխատակիցները որոշեցին այսօր երեկոյան դադարեցնել նստացույցն ու սպասել առաջիկա շաբաթ տեղի ունեցող իրադարձություններին։ Գործարանի աշխատակիցները նշում էին՝ եթե կառավարությունը հապաղի, կրկին նստացույց կսկսեն, կդիմեն նաև պայքարի նոր ձևերի։

«Ոչ մեկը հույսը չի կտրում, պատրաստ են մինչև վերջ գնալու՝ խնդրի ամբողջական լուծմանը հասնելու համար»։

XS
SM
MD
LG