Մատչելիության հղումներ

Իշխանությունը ձգտում է ընտրություններն ավելի կառավարելի դարձնել․ Զուրաբյան


Իշխանությունը ձգտում է ընտրություններն ավելի կառավարելի դարձնել․ Զուրաբյան
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Ընդդիմությունը շարունակում է քննադատել համայնքների խոշորացման ծրագիրը՝ պնդելով, որ դա իշխանության ձեռքին ևս մի գործիք է ընտրությունները վերահսկելու համար:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ համայնքների խոշորացումով իշխանությունը նպատակ ունի ընտրությունների ավելի կառավարելի համակարգ ձևավորել։

«Փոխանակ 900 գյուղ մտնեն ու հարցեր լուծեն, հիմա մի քանի գյուղ կմտնեն ու դրանով գործը ավարտված համարեն», - ասաց Զուրաբյանը:

Մինչդեռ համայնքների խոշորացման ջատագովները պնդում են, որ մեծացված համայնքներում ընտրություններն ավելի արդյունավետ ու մրցակցային կլինեն, և որ խոշորացումը թույլ կտա լուծել տեղերում՝ տարիներով կուտակված խնդիրները։

Վահան Մովսիսյանը խոշորացման հայեցակարգի համահեղինակներից է։ Առաջարկը դեռ 10 տարի առաջ ինքն է կառավարություն ներկայացրել։

«Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններն ավելի մրցակցային են լինում խոշոր համայնքներում, որովհետև կառավարել խոշոր համայնքը, ինչպիսին պետք է լինի ընտրությունների արդյունքները, անհնարին է։ Ավելի հեշտ է փոքր համայնքում, երբ որ բոլորը իրար ճանաչում են և մի հատ էլ համայնքապետ կա՝ քյոխվա, որն ասում է, որ կողմ կանգնեք, էն կողմ էլ կանգնում են», - ասաց Վահան Մովսիսյանը։

Խոշորացումից հետո միավորված համայնքների՝ ներկայումս ընտրովի գյուղապետերը կդառնան նշանակովի։ Ծրագրի ընդդիմախոսները պնդում են, թե այդ դեպքում համայնքի՝ վերևից նշանակված ղեկավարն ավելի կախյալ վիճակում կհայտնվի և կփորձի ամեն ինչ անել՝ վերադասի բարեհաճությանը արժանանալու համար։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ առանց վերադասին մատուցված ծառայությունների, շատ ավելի դժվար կլինի բյուջեից միջոցներ ստանալ, և տեղում խնդիրներ լուծել:

«Այսինքն, մենք նույն տոհմացեղային կապերով, նույն վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուղեկցվող ընտրություններ ենք ունենալու, ներկայիս գյուղապետերը պարզապես կլինեն ներկայացուցիչներ տարբեր համայնքներում։ Նրանք, ովքեր չեն անի, չեն արժանանա բարեհաճ վերաբերմունքի, ծրագրեր քիչ կբերվեն բյուջեից այդտեղ», - նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով, այս դեպքում, խոշորացման արդյունքը կլինեն միայն կրճատված աշխատատեղերի հաշվին տնտեսված չնչին գումարները, մինչդեռ համայնքների խոշորացման ծրագրի համահեղինակ Վահան Մովսիսյանը շեշտում է՝ դա էլ քիչ չէ․ աշխատատեղերի փոխարեն, օրինակ, փողոցների լուսավորություն կանցկացնեն։

«Մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների բյուջեների 85 տոկոսը ծախսվում է ապարատի պահպանման վրա: Այսինքն, ստացվում է՝ ինչքան հարկ էդ գյուղից հավաքվում է, դրան գումարած՝ պետության կողմից տրված դոտացիաները: Էդ ամբողջ փողը ծախսվում է ապարատի պահպանման վրա: Լա՞վ ա դա, թե վա՞տ ա: Իհարկե՝ լավ ա․ մարդիկ փող են ստանում, գործ ունեն: Բայց մյուս կողմից՝ մարդիկ փող են տալիս, որպեսզի փողոցը չոր լինի, անցողիկ լինի, ջուր ունենան խմելու: Էդ ո՞ր գյուղի քարտուղարն ա առավոտը 5-ին գնում աշխատանքի, իրիկունը 6-ին դուռը փակում, գալիս տուն», - զարմացավ Մովսիսյանը:

Երևանի ավագանու անդամը առաջարկը քննադատելու հիմքեր ունի: Համեմատում է. Երևանում նույնպես համայնքների խոշորացում տեղի ունեցավ, երբեմնի ընտրովի թաղապետերը քաղաքապետի նշանակովի ենթական դարձան, սակայն արդյունքում նրանց վարչական ապարատն ամենևին չկրճատվեց։

«Այսինքն, մենք ունենք խոշորացում, մենք նորից ունենք նույնքան ուռճացված և մեծ բյուրոկրատական ապարատ Երևանի քաղաքապետարանում և ամեն մի վարչական շրջանում։ Տվյալ պարագայում, շատ երկրորդական է դառնում՝ փողի պարկը մեծ է, պարկի մեջ փողը շատ է թե քիչ է: Եթե այդ պարկը ծակ է, ուրեմն այդ ծակերով քիչ փողն էլ է ուրիշ տեղ գնում, շատ փողն էլ է ուրիշ տեղ գնալու», - ընդգծեց Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին հանրաքվե կանցկացվի՝ յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով։ Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 45 միլիոն դրամ է հատկացրել այդ քվեարկություններն անցկացնելու համար։ Ընդ որում, հանրաքվեի արդյունքը պարտադիր չէ որոշում ընդունելու համար։ Կառավարությունը մտադիր է գնալ համայնքների խոշորացման՝ անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG