Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի Ռադան ԵՄ-ին հորդորում է ազատականացնել վիզային ռեժիմը


Ուկրաինա - Գերագույն ռադայի շենքը Կիևում

Ուկրաինա - Գերագույն ռադայի շենքը Կիևում

Ուկրաինայի Գերագույն ռադան Եվրամիության երկրներին կոչ է արել նպաստել, որ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք լինի առանց վիզային ռեժիմի:

Ուկրաինական խորհրդարանը Եվրամիությանը նաև կոչ է արել Ուկրաինային և Արևելյան գործընկերության անդամ երկրներին աջակցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ասպարեզներում բարեփոխումների հարցում:

«Այսօր Ուկրաինան վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման երկրորդ փուլում է: Ուկրաինական հասարակությունը հույս է փայփայում, որ մայիսին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը կուրվագծի հստակ հեռանկարներ առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցում», - նշված է Գերագույն ռադայի հայտարարությունում:

Ռադայի ղեկավարությունը ստանձնել է պարտավորություն՝ հայտարարության տեքստը Եվրոպական խորհրդարան, Եվրոպական հանձնաժողով և Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններ ուղարկելու կապակցությամբ:

Անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը չեն ստանա Եվրամիության երկրներ առանց վիզային ռեժիմի մուտք գործելու հնարավորություն:

Եվրոպական հանձնաժողովը խոստացել էր այդ երկու երկրներում անհրաժեշտ բարեփոխումների դեպքում վիզային ռեժիմի հարցը վերանայել տարեվերջին: Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ նշված էր, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է ավելին անեն կոռուպցիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարում:

Մոլդովան Արևելյան գործընկերության անդամ վեց երկրներից միակն է, որ ստացել է ԵՄ վիզայի ազատականացման ռեժիմ, այդ արդյունքին Մոլդովան հասել է անցյալ տարի:

XS
SM
MD
LG