Մատչելիության հղումներ

Անթալիայի հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարն առաջարկեց ընդլայնել Հյուսիսատլանտյան դաշինքը:

Երեկ Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ավարտվեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման շեշտադրումներից էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջարկությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ընդլայնելու մասին:

«Մենք հանդես ենք գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին: Չորս թեկնածու կա՝ Մոնտենեգրոն, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան և Վրաստանը, և մենք ցանկանում ենք, որ 2016 թվականի գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի ընդլայնման նպատակ ունենա», - ասել է Չավուշօղլուն:

2016 թվականի գագաթնաժողովն անցնելու է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: ՆԱՏՕ-ի կազմում հիմա 28 երկիր կա:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների այս հանդիպմանը ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը համաձայնեցին սերտացնել համագործակցությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած հիբրիդային պատերազմներին հակազդելու նպատակով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ դաշինքը պատրաստվում է ավելացնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան շրջաններում: Նախատեսվում է նաև ընդլայնել ՆԱՏՕ-ի ընդհանուր ուժերի չափը և զարգացնել արագ արձագանքման ուժերը, որոնք պատրաստ են տեղակայվել 48 ժամվա ընթացքում:

«Այս վտանգավոր դարձած միջավայրում ՆԱՏՕ-ն շարունակելու է պաշտպանել իր յուրաքանչյուր անդամի ցանկացած վտանգից: Այդ նպատակով մենք ձևափոխում ենք մեր դաշինքը՝ այն նոր միջավայրին համապատասխանեցնելով, և իրագործում ենք «սառը պատերազմի» ավարտից հետո մեր ընդհանուր պաշտպանության ամենախոշոր ամրապնդումը», - ասաց Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև լուրջ քննադատության արժանացրեց պաշտոնական Մոսկվայի գործողությունները․ - «Ռուսաստանը ուժ է գործադրել սահմանները փոխելու նպատակով»:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների առջև ելույթ ունենալով, հայտարարեց, որ Բրյուսելում նախատեսում են նույնպես արագ արձագանքման հատուկ կառույցներ ստեղծել:

«Եվրամիությունում մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեզ անհրաժեշտ է ընդլայնել մեր՝ ճգնաժամերին հակազդելու կարողությունները: Դա տարբերվում է ՆԱՏՕ-ի կարողություններից և պարտադիր չէ ռազմական մոտեցում նախատեսի, սակայն տարածաշրջանում և աշխարհում մեր գործունեության ռազմական բաղադրամասը նույնպես չի բացառվում», - ասաց Մոգերինին:

Անդրադառնալով Ուկրաինայում հակամարտությանը և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծեց, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է Մինսկի համաձայնագրի լիարժեք կատարումը:

Մինսկի համաձայնագրի կատարման անհրաժեշտությանն իր ելույթում անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

«Սա հակամարտության կարգավորման համար հսկայական հնարավորությունների պահ է, և մենք շատ մեծ հույսեր ունենք, որ նախագահ Պուտինը, Ռուսաստանը, անջատողականները՝ բոլորը միասին կաշխատեն Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի լիարժեք ի կատար ածեն Մինսկի համաձայնագիրը և առաջընթաց արձանագրեն», - ասաց Քերրին:

Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ վերջին տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չունի առանց ազդանշանների զինվորների մասնակցությամբ և նոր տեխնոլոգիաների միջոցով քարոզվող հիբրիդային պատերազմների դեմ հակազդելու մշակված ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG