Մատչելիության հղումներ

logo-print

Անդամակցությունից 5 ամիս անց հայ պաշտոնյաները փորձում են պարզել Հայաստանի դերը ԵՏՄ-ում


ԵՏՄ-ում հայ գործարարների համար առկա հնարավորությունների մասին ուսումնասիրությունը կհրապարակվի մինչև տարվա վերջ:

Ակնկալվում է, որ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միությունը Վիետնամի հետ կստորագրի բաց առևտրային գոտու մասին պայմանգիր: Այդ մասին այսօր Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ, նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ հպարտությամբ նշելով, որ դա կլինի միության առաջին արտաքին պայմանգիրը։ Մյուս ոլորտներում տնտեսական դաշինքի ցուցանիշները առանձնապես ոգևորիչ չեն․ ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունը նվազել է, ներդրումները՝ պակասել։

«Եթե նայենք թվերին, կտեսնենք, որ և Չինաստանի հետ, և Եվրամիության, և մեր ներքին առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 10 տոկոսով: Տեղի է ունենում հորիզոնական իջեցում բոլոր ուղղություններով, որը պայմանավորված է արժեզրկմամբ, պահանջարկի անկմամբ, ոչ այնքան լավ ներդրումային կանխատեսումներով, ինչպես ասում են՝ փախչելու տեղ չկա», - ասաց Սլեպնյովը՝ շարունակելով․ - «Անկեղծ եմ ասում՝ ինչպես կա․ լավ վիճակում չենք, առևտրաշրջանառության այսպիսի կտրուկ անկմանը պետք է արձագանքել հատուկ քաղաքականությամբ»։

«Պետք է այս իրավիճակից միասին դուրս գալ: Կարծում եմ՝ համագործակցության և արտաքին շուկաներ դուրս գալու մեր համատեղ ջանքերի շնորհիվ մենք արդյունքում կունենանք ավելի լավ առևտուր ու տնտեսություն», - ընդգծեց ԵՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամը։

Մինչ Եվրասիական տնտեսական միությունում փորձում են հասկանալ, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, ԵՏՄ-ի հանձնաժողովի հայաստանցի ներկայացուցիչները այդ միությանն անդամակցելուց 5 ամիս անց դեռ ջանքեր են գործադրում՝ պարզելու, թե որը կարող է լինել Հայաստանի դերն այդ միությունում։

Եվրասիական տնտեսական խորհրդում Հայաստանի անդամ Ռոբերտ Հարությունյանը հավելեց, որ միությունում Հայաստանի դերի ու հայ գործարարների համար առկա հնարավորությունների վերաբերյալ ուսումնասիրությունը կհրապարակեն մինչև տարվա վերջ։

Իսկ հարցին, թե ծանոթ է արդյոք հայաստանյան քաղաքական որոշ ուժերի ու փորձագետների տեսակետին, որ Կրեմլի նախաձեռնած այս միությունն իրականում քաղաքական է ու տնտեսական օգուտներ Հայաստանին չի բերի, Ռոբերտ Հարությունյանը արձագանքեց. - «Գիտեք ոնց ա՝ երբ էդ բացասական վերաբերմունքը, երբ դու մի բան սպասում ես, այլ բան ստանում ես: Աշխատանքի պրոցեսի մեջ իհարկե առաջանում են խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: Չլուծվող բան չկա: Կարևորը որ ցանկությունը բոլոր երկրների կողմից էդ ինտեգրացիոն պրոցեսների իրականացման մեծ է: Հանձնաժողովը էս պահի դրությամբ մեկ անգամ ևս իրականացրել է, այսպես կոչված, խոչընդոտների ուսումնասիրություն, թե ինչն է խանգարում էս պահի դրությամբ ավելի խորը ինտեգրացիային»:

ԵՏՄ-ի մյուս երկրների հետ տնտեսական ինտեգրման հարցում Հայաստանի համար ամենամեծ խոչընդոտը ընդհանուր սահմանի բացակայությունն է, կարծում է գործարար Արմեն Հարությունյանը, ով աշխատում է թեթև արդյունաբերության ոլորտում։

«Մեծ պրոբլեմների առաջ ենք կանգնում արտահանման ժամանակ նաև վրացական սահմանում՝ թե Վրաստան մտնելիս տրանզիտ գոտում, թե Վրաստանից դուրս գալիս դեպի Ռուսաստան: Էդ խնդիրները, ինչ որ կապված են Հայաստանի ու Ռուսաստանի հետ, կլուծվեն, որովհետև համատեղ են մտածում էդ մասին, բայց, ինչ որ վերաբերում է Վրաստանին, որը հանդիսանում է երրորդ կողմ և շահագրգռված էլ չի էդ հարցում, չեմ էլ կարող ասել․․․Դրա ուղղությամբ երևի կառավարությունները հատուկ աշխատանք կատարեն», - ասաց գործարարը:

Թեև Հայաստանի իշխանությունները լավատես են, թե Հայաստանը կգտնի այդ միությունում իր դերն ու անգամ կդառնա ԵՏՄ-ն մերձավոր Արևելքին կապող կամուրջ, հագուստ արտադրող ընկերության ղեկավարը նկատում է, որ նոր միությունում Հայաստանի գործարարները մրցունակ չեն, քանի որ երկաթուղու բացակայության պատճառով ապրանքը ԵՏՄ մյուս երկրներ հասցնելու համար մեծ գումարներ են ծախսում։

XS
SM
MD
LG