Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը հոսանքը թանկացնելու հայտը դեռ վարույթ չի ընդունել


ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի շտապում հիմնավոր համարել Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ասաց՝ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունը, թե թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված» է, ինքը չի լսել:

«Ասում է, որ ավելի քան հիմնավորված է այսօրվա հայտերը: Ավելի քան հիմնավորված է ո՞ւմ համար: Ես չգիտեմ՝ ում համար, համենայնդեպս, ոչ մեր կառույցի համար», - ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նա ասաց, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, փաստաթղթերի մի մասը հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։

Երեկվա ասուլիսում Էներգետիկայի նախարարը նաև հայտարարել էր, որ թանկացման պատճառներից է ռուսական ընկերության վատ կառավարումն ու գողությունը։ Մասնագիտությամբ իրավաբան, պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, իրավական տեսանկյունից սա հաղորդում է հանցագործության մասին:

«Գողություն է եղել, բռնեք, դատեք, գողոնը հետ բերեք: Պարզ է չէ՞, մենք տեսնում ենք՝ ովքեր են էդտեղ եղել, ինչ պաշտոն են զբաղեցնում և ինչ կյանքով են ապրում, ինչ տներ են կառուցում: Որտեղի՞ց են կառուցում», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Ի տարբերություն Մարուքյանի, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ստուգումներ սկսելու կոչ չի անում, անիմաստ է համարում․ - «Գողացողներն են իրենք, իրենք իրենց համար դիմեն դատախազությո՞ւն»:

Պատգամավորի համար միակ ողջունելի փաստն այն է, որ պետական պաշտոնյան ընդունում է ՝ՀԷՑ-ում գողություն է կատարվել։ Սակայն թերահավատ է, որ դրանից հետո անգամ ինչ-որ բան կփոխվի. մեկ տարի առաջ՝ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ նույն իրավիճակն էր։

«Էս նույն հեքիաթը պատմում էին անցած տարի էս ժամանակ՝ մայիս, հունիս, հուլիս ամիսներին: Ասեցին՝ համակարգը մեռնում է, ոչնչանում է, վարկերը, պարտքերը, կորուստները․․․ Գնացինք թանկացման, 40 տոկոս թանկացրին և իրենք ասեցին՝ փրկվեցինք, էդ խնդիրները լուծվեցին: 8 ամիս չի անցել, այ ձեր խիղճը գա: Ի՞նչ տեղի ունեցավ, որ էս 8 ամսվա մեջ նույնքան պարտք կուտակվեց, ինչքան երեկ լաց էիք լինում», - ասաց Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ բազմաթիվ հարցեր ունի, բայց գլխավորը մեկն է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին վճարի, Զոհրաբյանի խոսքով, մի խմբակի կատարած գողության համար։ Ի դեպ, նա ասաց, որ վաղուց ցանկանում է այցելել այդ խմբակի գրասենյակներ։

«Ես ինքս չեմ այցելել, բայց այցելողները պնդում են, որ այդ գրասենյակները իրենց շքեղությամբ շատ քիչ են զիջում օրինակ՝ Վերսալին կամ Էրմիտաժին», - ասաց Զոհրաբյանը:

Կողոպուտից ու թալանից բացի, ըստ ընդդիմադիրների, էլցանցերը նաև բարեգործություններ է արել: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով սա աբսուրդ է։

«Կարծում եմ՝ փորձ է արվել ցույց տալ, որ մենք՝ որպես բիզնես, սոցիալակնա պատասխանատվություն ունենք: Դա աշխարհում ընդունված բան էայն դեպքում, երբ որ բիզնեսը հաջողակ բիզնես է և նա շահույթով է աշխատում և ոչթ վնասով: Էստեղ ուղղակի ծիծաղելի է», - ասաց Մարուքյանը:

Չնայած կորուստների ու գողության մասին էներգետիկայի նախարարի երեկվա հայտարարությանը՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս չշտապել: Ասում է՝ նման հայտարարությունների համար հիմնավորումներ են պետք, բայց ընդունում է, որ ՀԷՑ-ում թերացումներ կան։

Արդյոք հարցով կսկսեն զբաղվել իրավապահները՝ այսօր պարզել չհաջողվեց․ գլխավոր դատախազության մամլո խոսնակը օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG